Լրատվամիջոցներն արդեն հայտնել են այն մասին, որ երեկ գիշեր Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, 2 ոստիկաններ են մոտեցել և հրավիրել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ զրույցի: Երիտասարդը մասնակցել էր Ռուսաստանի դեսպանատան դիմաց անցկացված ակցիային: Թե ինչ են խոսել ակտիվիստն ու ոստիկանապետը, սա այլ հարց է: Բայց այս պատմության ամենահետաքրքիր հատվածը վերջում է, որ դուրս է մնացել շատերի ուշադրությունից:
Շահեն Հարությունյանը հաստատել է այն տեղեկությունը, որ ոստիկանատանը գտնվելիս, նա ընդունարանում պատռել է այնտեղ տեղադրված Ռուսաստանի պետական դրոշը:
Վանդալիզմը՝ վանդալիզմ, բայց եկեք մի պահ հասկանանք, թե Երևան քաղաքի ոստիկանության բաժանմունքում ինչո՞ւ է տեղադրված օտար երկրի դրոշը: Շահեն Հարությունյանը մի պատմություն է մեջբերում: Նա ասում է. «Ասեցի՝ բա հայկական դրոշն ո՞ւր է, ասացին՝ մեր հավաքարարի թոռնիկը լաց է եղել, տվել ենք՝ տարել է»:
Լավ, ասենք, թե երեխան իսկապես լաց է եղել, դե մեր ոստիկաններին էլ գիտեք, սրտից թույլ, նրբազգաց, հուզական արարածներ են, իսկույն տեղի են տվել ու նվիրել են Հայաստանի դրոշը: Այդ դեպքում ռուսակա՞նն ինչու են դրա փոխարեն դրել:
Կար վարկած, թե, իբր, մեր Գասպարյան Վովային Պուտինը նշանակելու է ՌԴ ներքին գործերի նախարար: Սակայն դա էլ հերքվեց. Կրեմլից դեռ նորություն չկա, Պուտինն այսօր այդպիսի հրամանագիր չի ստորագրել և չի էլ ստորագրի, քանզի, ինչպես նրա խոսնակ Պեսկովն է ասում, նախագահը գոհ է ներկայիս նախարար Կոլոկոլցևի աշխատանքից:
Իսկ սա արդեն հարված է մեզ և Հայաստանին, քանզի ՌԴ Անվտանգության խորհրդում այս պահին մեր մարդուն ունենալը մեզ չէր խանգարի...
Այս նյութը դիտել են - 1459 անգամ