Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակում հեռախոսը աղմկեց երկար ու տագնապալի: Հոգնատանջ նախագահը վերցրեց խոսափողը և հարցրեց, թե ո՞վ է: Մյուս ծայրից ասացին՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: Ոչ թե պարզապես Րաֆֆի Հովհաննիսյան այլ Կ. Հովհաննիսյան, որպեսզի ԼՂՀ ղեկավարը հանկարծ չշփոթի մեկ ուրիշի հետ:
Եվ հետո նախագահ Բակոն հիմնականում լռում ու լսում էր, իսկ Րաֆֆի Կ-ն այս մոլորակի մի անհայտ ու հեռավոր անկյունից խոսում ու խոսում էր:
Նա հատկապես շեշտեց, որ իր և իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անունից (զգացի՞ք, թե ինչ ձևակերպում էր) անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսև Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը: Եվ մինչ Բակո Սահակյանը կհասցներ այս ամենից գլուխ հանել, Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան էլ ասաց ու անջատեց հեռախոսը:
Չար լեզուներն ասում են, որ Րաֆֆու վերջին նախադասությունը սա է եղել. «Բակո ջան, հենց կռիվը պրծնի, տեղյակ պահիր, որ վերադառնամ»: