ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայության պետը՝ Սարգիս Աբրահամյանն ու իր կինը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերը:
Վերահսկողական ծառայության պետը, որը 2003 թվականից կառավարությունում է, համեստ եկամուտ է հայտարարագրել եւ օգտվելով օրենքի բացից՝ չի նշել, թե ինչ շարժական եւ անշարժ գույք ունի 2011 թվականի դրությամբ:
Սարգիս Աբրահամյանը 2015 թվականի հայտարարագրով ունեցել է 1 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար եւ 80 հազար եվրո, իսկ որպես եկամուտ նշել է 6.2 միլիոն դրամ, որը գոյացել է, բացառապես, աշխատավարձից:
Սարգիս Աբրահամյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում, 2015 թվականին ունեցել է 15 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտ է ստացել գույք վաճառելուց: Արմինե Քոչարյանը նախորդ տարի 150 հազար եվրոյով վաճառել է նկար, ընդամենը՝ մեկ նկար:
Ուսումնասիրելով վարչապետի վերահսկողական ծառայության պետի կնոջ հայտարարագրերը, պարզեցինք, որ նա այդ նույն նկարը գնել է 2014 թվականին 100 հազար եվրոյով: Ստացվում է, որ 100 հազար եվրո արժողությամբ նկարը նա մեկ տարի անց վաճառել է 150 հազարով եւ ստացել 50 հազար եվրո շահույթ: Իսկ այդ 100 հազար եվրոն նա ստացել է երկու տարբեր վարկերից, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 50 հազար եվրո:
2014 թվականին, Արմինե Քոչարյանը 60 միլիոն դրամով վաճառել է բազմաբնակարան շենքում մի բնակարան եւ վրան ավելացնելով 8 միլիոն դրամ՝ 68 միլիոնով առանձնատուն է գնել:
Այս նյութը դիտել են - 3801 անգամ