Ճանապարհ, որով պիտի անցնեն իմ հրապարակումները
2016-11-04 10:13:00
Այսօր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի մոտ ընդունելությունը մանկավարժիս հնարավորություն տվեց ներկայացնելու նրան մի ասպարեզ, որտեղ հրապարակվում են իմ բոլոր նյութերը: 
Առանձնահատուկ հոգածությամբ ներկայացրի Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքի «Մանկավարժի անկյուն» բաժինը, որտեղ տեղադրվում է իմ նյութերի մեծամասնությունը:
Խոսքս նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի մասին էր, որտեղ նմանապես տեսանելի են դառնում մանկավարժիս ու իմ աշակերտների մտորումները:
Իմ խոսքում ակնածանքի խոսք կար այդ կայքերի ակտիվ գործունեության մասին, նաև Սփյուռքի հայկական համայնքների` հանձինս ՌԴ Վորոնեժ քաղաքի «Անի» և Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքում հրատարակվող «Մռավ սար» թերթերի, որտեղ տպագրվել են իմ հոդվածներից: Նույն ուշադրությամբ ներկայացրի նաև մամուլում տեղ գտած իմ նյութերի հրապարակումները, այդ թվում հանրային ռադիոյում, Հայաստանում հրատարակվող «Անդին» ամսագրում, մեզ մոտ` «Ազատ Արցախ», «Լուսարար», «Ստեփանակերտ» «Եղիցի լույս», «Ջրաբերդ» թերթերում տեղ գտած իմ ելույթներն ու վերլուծականները:
Իմ ներկայացրած նյութերը հանձնվեցին նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոցենտ Լուսինե Ղարախանյանին: Ուսումնասիրությունների և դրական գնահատականի արժանանալու դեպքում` նախարարության երաշխավորությամբ կհրատարակվեն իմ երկու գրքերը: Առաջինը կլինի դպրոցական կյանքից, որը կկոչվի «Մանկավարժի օրագիր»: Այդ գրքերը կթողնեմ նախարարության հայեցողությանը, որոնք կբաժանվեն Արցախի դպրոցներին: Երկրորդ գիրքը մեր համերկրացի արձակագիր Լևոն Ադյանի ստեղծագործությունների` իմ գեղարվեստական վերլուծություններն են` մեր աշակերտների` նրա գրքերից ստացած տպավորություններով: Այս գիրքը կդառնա մանկավարժիս ակնածանքի խոսքը գրողի` կյանքից անժամանակ հեռացած որդիների հիշատակին:
Հուսանք, որ այն ճանապարհը, որով պիտի անցնեն այս վերջին մեկ տարվա ընթացքում գրած իմ հրապարակումները, արգասաբեր կլինեն մանկավարժիս, իմ աշակերտների, Լևոն Ադյան գրողի, մեր բոլորիս հարազատների և նրանց համար, ովքեր սիրով կսպասեն այդ երկու գրքերի հրատարակությանը:
Նատաշա Պողոսյան
                                                                                                                                                  Արցախի վաստակավոր մանկավարժ,    	                                                                                                                                Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  	                                                                                                       դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի   
Այս նյութը դիտել են - 1628 անգամ