Դեռ չեն մոռացվել Վանաձորի նախընտրական դեպքերը, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով, որը նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևորական Ռաֆիկ Գրիգորյանին:
Այն օրերին շատերն էին համոզված, որ Փելեշյանը ոչ մի պատժի էլ չի արժանանա, քանի որ ամուր թիկունք ունի: Իր հերթին հոգևոր հայրն ամենքին հավաստիացնում էր, թե գնալու է մինչև վերջ ու որևէ ազդեցիկ դեմք չի կարող իր մտադրությունները փոփոխության ենթարկել։ Բայց, ինչպես հիմա տեսնում ենք, եղավ հենց այնպես, ինչպես ժողովուրդն էր կռահում:
Այսօր իրավապահները տեղեկացրին, որ «նախաքննության ընթացքում տուժող Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին և տվել լրացուցիչ ցուցմունք առ այն, որ իրեն ծեծելու համար Ա.Փելեշյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, հաշտվել է նրա հետ և չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության»:
Այս հիմքով էլ քրեական գործով վարույթը կարճվել և Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: