Ուղղակի փոխվեցին անունները. Ա-ի փոխարեն Բ-ին նշանակեցին
2016-11-09 11:55:00

Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ է. սա մի կառույց է, որտեղ ոչինչ չեն անում: Որքան ժամանակ է՝ այն գոյություն ունի, բայց ո՞վ կարող է հիշել գոնե մեկ արդյունք, առարկայական ձեռքբերում, տեսանելի տեղաշարժ:

Եվ երբ այսօր վարչապետը որոշում կայացրեց խորհրդի անհատական կազմը փոփոխելու մասին, պետք էր կարծել, թե մեղքը նախկին կազմինն էր, անգործությունն այնտեղից էր գալիս, իսկ նորերը հիմա կգան ու աշխարհներ շուռ կտան:

 Բայց դա լինելու բան չէ, և սա սովորական հոռետեսություն չէ, այլ դառը փորձ: Այսօր վարչապետը խորհրդի կազմից հանեց իր նախորդին՝ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Իսկ նրանց փոխարեն ընդգրկեց այդ պաշտոններն այսօր զբաղեցնողներին: Այսինքն՝ կատարվեց ոչ թե անձերի, այլ հներին նորերով փոխարինելու տեխնիկական գործընթաց, որտեղ էականն անհատական ունակությունը չէ, այլ այն պաշտոնը, որ նա զբաղեցնում է:

Սակայն Կարեն Կարապետյանի կայացրած որոշման մեջ այդ իրավիճակը շատ ավելի անհուսալի երանգներ ունի: Պաշտոնական ձևակերպումը վերջնականապես խորտակում է բոլոր հույսերը, քանի որ թղթի վրա դա արձանագրված է այսպես. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածում «Հ. Աբրահամյան», «Գ. Խաչատրյան» և «Գ. Կոստանյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կ. Կարապետյան», «Վ. Արամյան» և «Ա. Դավթյան» բառերով»:

Ձևակերպումն արդեն իսկ սպանիչ է: Փաստորեն փոխվում են ոչ թե մարդիկ, այլ բառերը: Իսկ բառերն, ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարել չեն կարող: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պայքարել դրա դեմ, եթե այդ պայքարը ոչ մեկի սրտով չէ: Այսքան հոգս է բերում իր հետ, ստիպում է անընդհատ նոր որոշումներ կայացնել, մարդկանց կտրում է իրենց բուն գործից, մեկի փոխարեն մյուսի անունն է պահանջում: Արդյոք հնարավոր չէ՞ օպտիմալացումը սկսել հենց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմից: Ինչքան միջոցներ կխնայվեին շատ ավելի կարևոր բաների համար:

shame.am

Այս նյութը դիտել են - 2284 անգամ