Լուսինե Սանոյանին է պատկանում Գյումրու բարեգործական բաղնիքը...2016-11-10 10:56:00
![](files/06bf941/6503/4bd62bc0e96c36139.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանում 38-ով կրճատվեց աշխատակիցների թիվը: Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանն այս ձևով վրեժ է լուծում իր այն աշխատակիցներից, ովքեր ընտրությունների օրերին չեն պաշտպանել իր թեկնածությունը: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ ավագանին քվեարկեց, սակայն այդպես էլ չհնչեցին «ջարդի» ենթարկվածների անունները:
Փոխարենը այսօր սիրով հնչեցվեց մեկ այլ անուն: Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Լուսինե Ռուբենի Սանոյանը: Լուսինեն Գյումրու փոխքաղաքապետի՝ Ռուբեն Սանոյանի դուստրն է, իսկ Սամվել Բալասանյանն էլ նրա քեռին է: Քեռին նույնիսկ հուզիչ ճառ արտասանեց։ «Ես ճանաչում եմ Լուսինեին: Նա իմ բարեկամն է, երկար տարիներ ֆինանսական հարցերով զբաղվում է գարեջրի գործարանում: Ասեմ, որ նաև գիտությունների թեկնածու է»,- ասաց Սամվել Բալասանյանը՝ մոռանալով հավելել, որ հարազատ քրոջ աղջիկն իրականում եկել էր բաղնիքից: Հենց Լուսինե Սանոյանին է պատկանում Գյումրու բարեգործական բաղնիքը:
Սակայն այսօրվա նիստում հարազատներին արվող Սամվել Բալասանյանի լավությունների թիվը միայն այսքանով չսահմանափակվեց: Մեկ այլ քվեարկությամբ ընդունվեց նախագիծ, որի համաձայն՝ Բալասանյանի փեսայի՝ Ռուբեն Սանոյանի աշխատավարձը բարձրացվեց 6500 դրամով՝ հասնելով 250 000 դրամի: Հիմա արդեն մարդը կսկսի նորմալ ապրել, բարձր աշխատավարձ կստանա և չի նմանվի այն 38 դժբախտներին, որոնք գրչի մի հարվածով այսօր դարձան գործազուրկներ:
shame.am
Այս նյութը դիտել են - 6638 անգամ