Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, զայրույթի մեծ ալիք է բարձրացրել հասարակության ներսում: Ահա այդ ընդվզումը զսպելու համար վերստին հրապարակ են դուրս եկել նրանք, ովքեր ոչնչի մասին սեփական կարծիք չունեն, քանի դեռ կա իշխանության կարծիքը: Իսկ այս խմբի կարկառուն ներկայացուցիներից է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հանրահայտ երկու բառերի գործածմամբ՝ «միանշանակ» և «անքննելի»:
Հիմա տեսնենք, թե միանշանակ Շարմազանովն ինչ է ասում անքննելի թեմայի առնչությամբ: «Իմ կարծիքը այս նախագծի վերաբերյալ, միանշանակ, դրական է: Դա շատ բարոյական գործընթաց է: Կարծում եմ՝ այս գաղափարի վերաբերյալ երկրորդ կարծիք լինել չի կարող: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունը ցուցաբերի այդ սուրբ գործին: Նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ. այդ երևույթը գոյություն ունի ողջ աշխարհում: Դա կոչվում է ազգային տուրք կամ բանակի տուրք: Ավելին՝ կարծում եմ՝ ապագայում այս գաղափարը կարող է դառնալ համահայկական, այս գաղափարին կարող է միանալ նաև սփյուռքը: Բայց այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գոնե մինիմում հազար դրամով աջակցի բանակի հզորացմանը ու սոցիալապես անապահով զինվորներին ու նրանց ընտանիքներին, կարծում եմ, քննարկման ենթակա չէ: Այս գաղափարն անքննելի է. դա քրիստոնեական ու բարոյական գաղափար է»:
Ամեն անգամ, երբ հասարակությունն ինչ-որ բանի դեմ է արտահայտվում, հանկարծ պարզվում է, որ դա քննարկման ենթակա չէ: Հատկապես ի՞նչն է, որ չի ենթարկվում քննարկումի: Մարդուց փող եք առնում և ուզում եք, որ նա կույր-կույր, առանց սեփական վերաբերմունքի դա նվիրի ձե՞զ: Բայց չէ՞ որ այդպես լինում է միայն գողությունը, երբ կարծիք չեն հարցնում նրանից, ումից տանում են փողերը: Իսկ թե ինչու Շարմազանովը չի ցանկանում այս խնդրի մասին լսել կողմնակի տեսակետ, դա էլ է առավել քան հասկանալի: Որովհետև հրաշալի գիտի, թե այդ երկխոսությունը դեպի ուր կտանի:
Թե որ օրից Շարմազանովը դարձավ մեր ժողովրդի հոգևոր ու բարոյական արժեքների քարոզիչը՝ մենք դա իմանալ չենք կարող, փոխարենը հրաշալի գիտենք, թե ինչպես են պաշտպանական ոլորտից հափշտակվել միլիոնավոր դոլարներ, որոնք եթե այսօր լինեին, հարկ չէր լինի դիմել պետական մակարդակով մուրացկանության: Եվ փոխանակ հանցագործությունները բացահայտելու, հափշտակված գումարները պետությանը վերադարձնելու քայլեր ձեռնարկվեն, Շարմազանովն ու մյուսները մեզ բարոյականության դասեր են տալիս: Գողի բարոյականը ո՞րն է: