Կառավարության արտահաստիքային դամ քաշողները
2016-11-16 09:51:00
Հետո էլ ասում են՝ բյուջեն ճեղքվածք է տվել ու այնտեղ փող չկա, ձեռքները տանում են պետական քսակը՝ դատարկ է: Էլ որտեղից փող, երբ տապալված եզի պես ընկած պետական գանձարանի չորս կողմը՝ շրջապատված է պետության միջոցները խժռող դանակավորների հերթով: Պարզվում է, որ հարկատուների հաշվին, կառավարությունը ֆեյսբուքում ստատուս գրողների հիմնարկ է պահել և 15 հազար դրամ վճարել իր մասին յուրաքանչյուր գովեստի դիմաց:
Միայն այս նպատակին 2016 թվականին հատկացվել է 82 միլիոն 748 հազար դրամ: Հետաքրքիր է, ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեղյակ է, որ Հայաստանի իշխանության հովանու ներքո, իր հիմնարկի մեջ մասնավոր հիմնարկ է բացվել՝ այն էլ իր նկատմամբ առանց հարկային պարտավորությունների:
Սա ի միջի այլոց:
Ինչպես ասում են՝ հայրենի կառավարության գործերն անքննելի են, բայց հետաքրքիր է, թե ինչի համար է կառավարությունը բարձր վարձատրությամբ ֆեյսբուք սոցիալական ցանցում պահել արտահաստիքային աշխատողների մի ողջ բանակ:
Այստեղ կա ընդամենը պարզ ու տրամաբանական բացատրություն:
Գաղտնիք չէ, որ երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի դժգոհ է Հայաստանում ապրած իր այսօրվա կյանքից, համատարած անարդարությունից ու պետության վերաբերմունքից: Եվ շատերը՝ երկրի աղետալի վիճակով մտահոգված, քննադատկան գրառումներով կիսվում են սոցիալական ցանցերում:
Հենց այստեղ է, որ պետք է կառավարությանը օգնության հասնեն դամքաշները՝ մարտականորեն պահելով հակազդեցությունը, հավասարակշռելով տեսակետների երկփեղկվածությունը, թե տեսեք՝ երկրի գործերը այնքան էլ վատ չեն, առաջ են գնում, իսկ քննադատողները՝ ընդամենը ինչ-որ նեղ շահեր հետապնդող չկամեցողներ են:
Ահա ողջ մարտավարական տեխնոլոգիան, որի մասին երբեք չէին մտածի մի քանի տոկոս իրական տնտեսական աճ արձանագրած ու ազատ տնտեսական մրցակցություն ունեցող երկրները: Իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը ոչ թե աճում, այլ լճանում և անկում է ապրում, տեղեկատվական ու քարոզչական դաշտում անշահեկան վիճակում չհայտնվելու համար, կառավարությունը շարունակելու է իր ինքնապաշտպանությունը ապավինել վճարովի սազանդարներին՝ պետական միջոցները շաղ տալու հաշվին:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1165 անգամ