Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր Գյումրիի հետ որեւէ կապ չունեն, տարիներ շարունակ զարմացել են, թե ինչու են գյումրեցիներն առանձնակի կերպով վատ վերաբերվում Սերժ Սարգսյանին, նրա որոշ ազգականների, ՀՀԿ-ին ընդհանրապես:
Բոլորն են հիշում, թե ինչ աղմուկ բարձրացավ Գյումրիում, երբ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, որոշել էին «Գյումրու պատվավոր քաղաքացի» տիտղոսը շնորհել:
Եվ շատերի համար էլ թերեւս արդեն զարմանալի չէ, որ մշտապես ՀՀԿ-ն Գյումրիում խոշոր տոկոսներով պետք է կրվի, ոչ թե խփի:
Անշուշտ այս ամենն ունի իր ակունքները, որոնք կոնկրետ մեկ օրինակի վրա խիստ տեսանելի կլինեն, եթե փորձեք այցելել Գյումրու թիվ 226 տնակային տարածք:
Տնակային այս տարածք շատ անգամ էի եղել, բայց բնակիչների ու նրանց խնդիրների հետ մոտիկից ծանոթացա, երբ Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո առաջին նամակը ստացա այս թաղամասի բնակիչներից ստորագրված: Խնդրում էին օգնել, որպեսզի լուծվի թաղամասի գազամատակարարման հարցը:
Այս տարի արդեն կլինի 28-րդ ձմեռը, որ այս թաղամասում բնակվող 11 ընտանիք կդիմավորի տնակում: Ընթերցողի համար ասեմ, որ հիմա իրոք ամենախոցելի խավն է մնացել տնակում, նրանք, ովքեր իսկապես անճար են, հիվանդ, հաշմանդամ, թոշակառու, բազմազավակ, ովքեր չունեն ծանոթ-բարեկամ, հերթացուցակում հետին պլան են մղվել, մոռացվել, ու հիմա դեռ հայտնի չէ նույնիսկ՝ այդ մարդիկ երբ կդառնան բնակարանատեր:
Ամեն անգամ մեր գրասենյակ եկող ու թաղամասից պատվիրակված երկու հոգին էլ հաշմանդամության կարգ ունեն: Դժվարությամբ են քայլում, բայց պարտաճանաչ գալիս են հետաքրքրվում, հարցնում, թե ինչ եղավ, ուր հասան նամակները, եւ ինչպես ենք լուծելու թաղամասի գազի խնդիրը:
Բնակիչներն իրավացիորեն բարձրաձայնում են, թե ինչու պետք է իրենք, ապրելով ցուրտ տնակում, չկարողանան օգտվել կապույտ վառելիքից՝ այն դեպքում, երբ պատրաստ են վճարել: Նրանք պատմում են նաեւ, որ ոչ թե ընդհանրապես գազով չեն տաքացել, այլ թաղամասն ունեցել է գազի բաշխիչ ցանց, գազի գրասենյակից մի երկու տարի առաջ եկել են, ապամոնտաժել հեռացրել՝ խաբելով իրենց, որ նոր ցանց են կառուցելու, ու բնակիչներին թողել են առանց գազի:
Թաղի բնակիչները պատմում են, որ երկու տարի շարունակ իրենց պայքարը գազի համար է: Թակել են տարբեր դռներ, գրել են անթիվ նամակներ, բայց խնդիրը, միեւնույն է, չի լուծվում:
Հիմա պարզ հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ: Գազաֆիկացման համար, ըստ բնակիչների, պահանջվում է 2.5- 3 մլն դրամ գումար, որպեսզի այդ գումարով գազը բերեն թաղամաս: Բացակայում է հենց այդ գումարը:
Հիմա կարելի՞ է իմանալ՝ ինչո՞վ կամ ինչպե՞ս են մտածում, որ որոշում են, որ կարելի է, ասենք, քաղաքի բյուջեից 5 մլն դրամ հատկացնել Ս. Սարգսյանի եղբորը պատկանող «Փյունիկ» հիմնադրամին եւ չի կարելի դրա կեսը տալ, որ 11 ընտանիք կարողանա գոնե տնակում մարդավայել ապրել:
Կամ, ասենք, ինչպե՞ս է, որ ՀՀ քաղաքացիների՝ սոցիալական բաղնիքից օգտվելու շահը գերակա է, քան, ասենք, այս մարդկանց գազով տաքանալը: Գյումրու տեղական բյուջեից 25 մլն դրամ Սամվել Բալասանյանը փոխանցել է իր որդու ընկերոջը՝ Սահակ Սահրադյանին պատկանող բաղնիքին, որպեսզի սոցիալապես անապահով գյումրեցիները կարողանան լողանալ, բայց 3 մլն դրամ փոխանցելու համար գրավոր մեր հարցմանը պատասխանել են, որ Գյումրու բյուջեում նախատեսված գումար չկա:
Այս հարցից տեղյակ է նաեւ գյումրեցի ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով մեզ հետ զրույցում տարակուսում էր, թե արդյոք արդարացված է 3 մլն դրամի ծախսումը, որպեսզի 11 ընտանիք կարողանա տաքանալ ձմռանը:
Ինչպիսի մտքի փայլատակում, իհարկե, արդարացված չէ. ի՞նչ են ներկայացնում իրենցից այդ 11 ընտանիքի անդամ գյումրեցիները՝ այն էլ տնակատեր, որ մի ամբողջ 3 մլն դրամ նրանց համար իշխանությունները «զոհեն»: Ավելի լավ է այդ գումարներով մի երկու հատ ավելի «ախրաննիկ» պահեն եւ կամ երկու հատ էլ ավելի ծառայողական մեքենա վարձեն, թե չէ իրենցից ինչ են ներկայացնում 11 ընտանիքը:
Շիրակի մարզպետարանից երկու տարի շարունակ բացատրել են գյումրեցիներին, որ իրենք ոչինչ անել չեն կարող, գումար չունեն, բյուջե չունեն, ֆոնդ չունեն:
Բնակիչների ու նաեւ մեր դիմումներին մերժել են նաեւ «Գազպրոմ Արմենիայից»:
ՀՀ նոր կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին դիմում հասցեագրեցինք տնակատերերի պահանջով: Կարեն Կարապետյանի վերջին «ռեֆորմներից» ոգեւորված տնակատեր բնակիչներն արդեն երեք անգամ ոտքով կտրում-անցնում են ահագին ճանապարհ ու գալիս հետաքրքրվելու, թե պատասխան ստացա՞նք արդյոք, որեւէ հուսադրող բան կա՞:
Վերջին այցի ժամանակ նրանց տեղեկացրի, որ կառավարությունից ուղղակի շնորհակալություն են հայտնել դիմումի համար ու խոստացել, որ կզբաղվեն խնդրով: Մեկ ուրիշ նամակով էլ տեղեկացրել են, որ դիմումը հասցեագրել են «Գազպրոմ Արմենիային»:
Սա բավական էր, որ տնակային թաղամասի պատվիրակները ոգեւորվեին:
Մի ուրախություն, հուզմունք, նույնիսկ սկսեցին բարձրաձայն գովել, թե ինչ «լավ տղա է Կարեն Կարապետյանը», ու հեռացան: Իհարկե նրանց ասացի, որ սա դեռ ոչինչ չի նշանակում, բայց այնքան ուրախ հեռացան, այնքան հույսով հեռացան: Խոստացա, որ պատասխան լինելուն պես ես կզանգեմ ու կտեղեկացնեմ, որպեսզի այդքան ճանապարհն ամեն անգամ ոտքով չկտրեն-անցնեն:
Մի խոսքով՝ այսօր էլ ստացա «սիրալիր ու բարի մերժումը»՝ փող չկա, օգնել չեն կարող, պատրաստ են ցուցաբերել միայն խորհրդատվական ու մասնագիտական աջակցություն:
Ու հիմա նույնիսկ չգիտեմ, թե նամակի պատասխանի հետեւից եկող հիվանդ ու հաշմանդամ մարդկանց ինչպես եմ փոխանցելու «վարչապետի բարի լուրը»:
Քրիստինա Մկրտչյան
Այս նյութը դիտել են - 1143 անգամ