«Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք»2016-11-22 19:03:00
«Եթե պետք է ռուսական դպրոցներ էլ կբացենք` հանուն ազգը փրկելու»,- ասել է բանաստեդծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը tert.am կայքին:
Իրեն ազգի մտավորական համարող բանաստեղծն ազգի փրկությունը, ստացվում է, փնտրում է ռուսահպատակության մեջ:
Արտեմ Հարությունյանը իր այս խոսքերով նմանվում է մեկի, ով աչքերը փակ է ապրում և ժամանակ առ ժամանակ դրանք բացում է ընդամենը համոզվելու համար, որ կյանքն իրական է Հայաստանում:
Նա այնքան հեռուն է գնացել, որ հասարակության մի ստվար հատվածին անվանել է մժղուկներ. «Ասում եք` անկախություն ունենք, խեղճուկրակ մժղուկներ, բա եթե Ռուսաստանի հետ կապը չլինի մի րոպեում կուլ կգնանք»:
Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում միշտ տուժել է ոչ միայն իշխանությունների սխալ կառավարումից, այլև իր մտավորականության մի որոշ հատվածի ստրկահաճությունից:
Արտեմ Հարությունյանը երբեք չի առանձնացել այն մտավորականներից, ովքեր իշխանության հետ միշտ համաձայն են, փոխարենը «փայլել» է իր ունիկալ բառապաշարով` ուղղված նրանց, ովքեր իրենից տարբերվող մոտեցումներ ունեն: Հայաստանում հայոց լեզվի մակարդակն առանց այդ էլ բավականին ընկել է, բուհերում հայոց լեզու և գրականություն առարկաներից քննություն հանձնողներն աննախադեպ ցածր ցուցանիշներ են գրանցում, և մնում էր, որ ռուսական դպրոցներով ընդհանրապես խեղդեինք հայերենը:
Հարությունյանին, իհարկե, սա չի մտահոգում, փոխարենը այլ երկրի հետ հարաբերություններին նայում է վասալի դիրքերից. «Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք», -ասել է նա:
Այսինքն, ըստ Արտեմ Հարությունյանի, Հայաստանն արժանապատիվ հարաբերությունների պարզապես ունակ չէ և «մեծ եղբոր» հաճությանն արժանանալու համար օրուգիշեր ծնկաչոք պիտի Աստված կանչի:
irates.am
Այս նյութը դիտել են - 1486 անգամ