Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Այսպիսի ժողովրդական իմաստություն գոյություն ունի, պարո՛ն վարչապետ։ Ռուսերեն դա հնչում է այսպես. «С кем поведёшься, от того и наберешься». Իմաստություն է, չգրված օրենք, որը թերևս ավելի արժանահավատ է...
Ձեր իրավունքն է՝ որտեղ կգրվի կուսակցականի Ձեր կենսագրությունը, բայց գողերի, ավազակների, թալանչիների, անարդար ու ցինիկ կուսակցական «ընտանիքում» Դուք կամա թե ակամա դառնում եք այդ «ընտանիքի» անդամ, ուրեմն ընդունում եք նաև տասնյակ տարիներ մշակված, օրըստօրե գռեհկացող խաղի կանոնները։ Անկեղծ ասած, չէի սպասում, չէի սպասում, որ կարող էիք տարիներով կուտակած Ձեր բարոյական կապիտալը այդպես անխնա վատնել։
Ուշադիր նայե՛ք՝ ում կողքին եք կանգնած, ուշադիր նայե՛ք երիտհանրապետականների աչքերին... Անհուն դատարկությունը հենց այդպիսին է։ Ուշադիր լսե՛ք Ձեր թիմակիցների խոսքը... Գաղջը հենց դա է։ Դուք Ձեզ համար այդպիսի՞ կարճաժամկետ ապագա էիք պատրաստել։ Բոլորիդ մոտ հրաշալի ստացվում է հուսահատ ժողովրդի աննշան հույսը «գնդակահարելը»։
Ոչինչ, օրեր են, կմթնեն, անց կկենան, բայց..... ափսոս էր տղան...