«Հե՜յ լավ մանրուք, ասեղ, հուլունք, մատնիք մարջան ապարանջան…»
2016-11-30 10:55:00
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը գերազանցեց իր բոլոր նախորդներին: 
Դեռ ոչ մեկին չէր հաջողվել այդքան արագ դառնալ առևտրական: Իսկ Ամիրյանը ոչ միայն կարողացավ, այլև ձեռքը մեկնեց նույնիսկ սրբության սրբոցների ուղղությամբ:
Նա գնաց ու հենց Մատենադարանի ներսում խանութ բացեց: Հիմա արդեն հաճախորդները կարող են ազատ ելումուտ անել և ծանոթանալ բազմազան տեսականուն: Ներսում տարատեսակ ապրանքներ են վաճառվելու՝ մոմեր, գլխաշորեր, զանգեր, սուրճի բաժակներ, արկղիկներ...
Բայց ամենաթանկ առևտուրը դրանից առաջ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների, Մատենադարանի այդ հատվածը վերջերս աճուրդի էր հանվել, այն ընդամենը 16 քմ է և, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաղորդագրության համաձայն, պետք է ծառայեր «մշակութային ծրագրերի իրականացման նպատակով»: Հիմա հենց դա էլ կատարվում է, քանի որ առևտուրը Հայաստանում վաղուց է դարձել մշակութային միջոցառում:
Տեղի աշխատակիցները պնդում են, որ գործարքը կատարվել է խիստ գաղտնի, ոչ ոք նախապես դրա մասին չի իմացել, մինչդեռ տնօրինության պետք է նիստ հրավիրվեր և հարցը քննարկման դրվեր: «Կրպակը մեր կանոնադրության խախտումներով է բացվել, քանի որ ՊՈԱԿ-ն իրավունք չունի տարածքներ վարձակալության տալու` բիզնես ծրագրեր իրականացնելու համար»,- ասում են նրանք:
Իսկ Բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով` Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանն ուղղակի առաջարկում է. «Եթե այդպես է, եկեք շքամուտքի մոտ բենզալցակայան բացենք կամ արագ սննդի վայր, լավ կաշխատի:
Մեր մարգարիտները խոզերի առաջ չպետք է շաղ տանք»:
Գասպարյանի այս առաջարկը չի կարող Արմեն Ամիրյանի սրտով չլինել: Առևտրականի հոգեբանությամբ տոգորված նախարարը պատրաստվոււմ է մշակույթի դաշտը տոնավաճառի վերածել, միայն թե ամեն ինչից փող դուրս գա, շատ փող:
shame.am
Այս նյութը դիտել են - 2866 անգամ