Ամենաշատ խորհրդականներ ունեցող վարչապետը2016-12-04 12:08:00
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խորհրդարան նշանակեց պարսկահայ Արմեն Ավակ Ավակյանին: Նա դարձավ վարչապետի 11-րդ խորհրդականը:
Կարեն Կարապետյանը Հայաստանի՝ ամենաշատ խորհրդականներ ունեցած վարչապետն է:
Ովքե՞ր են վարչապետի խորհրդարանականները. Փոքրիկ անդրադարձ կատարենք նրանց կենսագրություններին:
Կարեն Կարապետյանն ունի երկու գլխավոր խորհրդական՝
65-ամյա Գագիկ Մարտիրոսյանը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Նա խորհրդականի պաշտոնին է անցել «Կապի նորարարական համակարգեր» ընկերության (Սանկտ Պետերբուրգ)` խորհրդի նախագահի պաշտոնից: Նախկինում զբաղեցրել է ՀՀ շինարարության, Էներգետիկայի, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարների պաշտոնները: Եղել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական: Զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ից: ՀՀԿ անդամ է:
Գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը 45 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Խորհրդականի պաշտոնին է անցել «Ֆինլեգալ-Կոնսալտ» ընկերության համակարգող իրավաբանի պաշտոնից: Մինչ այդ եղել է կենտրոնական բանկի իրավական խորհրդական, ֆինանսների նախարարության Իրավաբանական գլխավոր վարչության պետ , «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն` տնօրենների խորհրդի անդամ, «Հայխնայբանկ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի անդամ, «Հայագրոբանկ» ԲԲԸ` լուծարային հանձնաժողովի անդամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական «Շանսի Նաիրիտ» ՀՁ` տնօրենների խորհրդի անդամ: Անկուսակցական է: Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2014-ի մայիսի 5-ից:
Վարչապետին «վճարովի» խորհուրդ տվողները 5-ն են.
Ալեքսանդր Խաչատուրյանը 31 տարեկան է, մասնագիտությամբ՝ ֆինանսիստ: Մինչ ՀՀ վարչապետի խորհրդական դառնալը, եղել է TK Equity Partners-ի կառավարող գործընկեր: Տնօրենների հայկական ինստիտուտ հիմնադրամի խորհրդի անդամ է, հիմնադիրը: Եղել է Armenian-European Policy and Legal Advice Center (Aeplac)` իրավաբանական թիմի ղեկավարի օգնական, «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերության իրավախորհրդատու, Կորպորատիվ կառավարման կենտրոն իրավախորհրդատու, Armenian-British Connect հասարակական կազմակերպություն խորհրդի անդամ, Հայ-բրիտանական գործարարության պալատի խորհրդի անդամ: Հայաստանի ֆրանսիական համալսարանի «Կորպորատիվ ֆինանսների իրավունք» առարկայի դասախոս է: Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հոկտեմբեր 4-ից: ՀՀԿ անդամ է:
Արմեն Ավակ Ավակյանը 30 տարեկան է, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Կենտրոնական եվրոպական համալսարանը (Հունգարիա): Աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ գործադիր տնօրենի օգնական, «Գարրիսոն Գրուփ» կազմակերպությունում` վաճառքի գծով փոխտնօրեն և ռեգիոնալ տնօրեն: Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է: ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թ. դեկտեմբերի 1–ից: Անկուսակցական է:
Գևորգ Մալխասյանը 62 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Մինչ վարչապետի խորհրդական դառնալը, եղել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը: Աշխատել է Երևանի ժամացույցի գործարանում, որպես խառատ, եղել է ՀԽՍՀ բնակչության կենցաղսպասարկման մինիստրության թիվ 1 կոմբինատի խորհրդատու, արդարադատության նախարարության օրենսդրության համակարգման և օրինագծերի նախապատրաստման բաժնի ավագ խորհրդատու, օրենսդրության համակարգման բաժնի պետ, օրենսդրության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ, օրենսդրական հարցերի վարչության պետ: Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի հունվարի 25-ից: Անկուսակցական է:
Գևորգ Մուրադյանը 38 տարեկան է, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս: Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս է, քվանտային երևույթների մոդելավորման և հետազոտման լաբորատորիայի ավագ գիտաշխատող: Եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող, Մեդիսոնի Վիսկոնսիի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի հրավիրված հետազոտող ( ԱՄՆ), Կայզերսլաուտերնի տեխնիկական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Ալեղաքր Ֆոն Հումբոլդի շնորհառու հետազոտող (Գերմանիա), Հայդելբերգի համալսարանի հրավիրված հետազոտող (Գերմանիա): Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ից: Անկուսակցական է:
Էդուարդ Ներսիսյանը 46-ամյա ինժեներ-էլեկտրատեխնիկ է: Վարչապետի խորհրդականի պաշտոնին է անցել «Ինկրիպտ» ՓԲԸ (համակարգային ինտեգրման ընկերություն) տնօրենի պաշտոնից: Եղել է էներգետիկայի նախարարի խորհրդականը, ՌԴ գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտի ճարտարագետ-հետազոտող, Երևանի գիտաարտադրական միավորման ճարտարագետ-հետազոտող, էներգետիկայի նախարարի առաջին տեղակալի օգնական, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի քարտուղար, Առևտրի և ներդրումների տնօրինության էներգետիկական Խարտիայի քարտուղարության մասնագիտական վերապատրաստման ազգային փորձագետ, էներգետիկայի նախարարության նորմատիվների և ստանդարտների վարչության պետ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` արտաքին կապերի բաժնի պետ, արտահանման, ներմուծման և արտաքին կապերի վարչության պետ, Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ: ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հոկտեմբերի 11-ից: ՀՀԿ անդամ է:
Վարչապետի խորհրդականներից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով.
Թամար Կևորկյանը 42 տարեկան է, ավարտել է Ադիս Աբեբայի համալսարանը: Ուսանում է Քորլինզի համալսարանում: «Վիլաջո գլոբալ ջեներալ բիզնես»-ի փոխտնօրենն է, «Ալադին ռեստորան»-ի տնօրենը: Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի մարտի 12-ից: Անկուսակցական է:Համլետ Հովսեփյանը 68 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Եղել է Հայպետմատակարարման կոմիտեի իրավախորհրդատու, դատախազության բաժնի դատախազ, Երևանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի ժողդատավոր, Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ, դատախազության նախաքննության և հետաքննության վարչության ավագ դատախազ, Ազատամարտի վետերանների միության նախագահ, Շիրակի մարզի դատախազ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ: Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 22-ից:
Շուշան Սարդարյանը 48 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր: Առ այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետն է: Համատեղությամբ եղել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը: Մինչ այդ, եղել է Երևանի թիվ 114 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի խմբի ղեկավար: Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի սեպտեմբերի 24-ից: ՀՀԿ անդամ է:
Սամվել Սարգսյանը 50 տարեկան է, մասնագիտությամբ՝ ինժեներ- մեխանիկ: Եղել է Աղավնաձոր գյուղի խորհտնտեսության բանվոր, զբաղվել է ձեռներեցությամբ, Վայոց ձորի մարզպետարանի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնում աշխատել է որպես գլխավոր մասնագետ, եղել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ, հարկային պետական ծառայության Վայքի տարածքային հարկային տեսչության պետ, Վայոց ձորի մարզպետ, ԱԺ պատգամավոր: Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի օգոստոսի 29-ից, ՀՀԿ անդամ է:
Կարեն Կարապետյանի խորհրդականներից 5-ը ՀՀԿ անդամ են, 6-ը՝ անկուսակցական: Նրանցից 3-ը Կարեն Կարապետյանի հետ աշխատել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: Խորհրդականներից 6-ին նշանակել է Կարեն Կարապետյանը, 4-ին՝ Հովիկ Աբրահամյանը, 1-ին՝ Տիգրան Սարգսյանը:
yerevan.today
Այս նյութը դիտել են - 6379 անգամ