Տարվա մեջ մի օր, երբ նրանցից ես ամաչում եմ 2016-12-04 11:35:00
![](files/f283dbfba/7054/b7b91f28a25.jpg)
Դեկտեմբերի 3-ի մուտքն ազդարարող օրս կեսգիշերվա ժամը 12-ին սկսվեց զինվորական ծառայության մեջ գտնվող մեր դպրոցի շրջանավարտ Վարդան Սաղաթելյանի հեռախոսազանգով: Մեծագույն ուրախությամբ ես ընդունում եմ նրա շնորհավորանքները, նաև իր նախկին դասղեկի իրավունքով համբերություն ցանկանում հայրենիքի զինվորին, որ այս մեկ ամիսն էլ հպարտորեն հաղթահարի մինչ ծառայության ավարտը:
Այդ օրն իր իրավունքները փռել էր ամենուր, ու ես առավոտյան մտնում եմ դպրոց, առաջին պատահած 10-րդ դասարանի այդ աշակերտը շնորհավորում է ինձ, ժպտերես նայում եմ նրան…Տեսնես նա որտեղի՞ց իմացավ, բայց անունը չեմ հիշում, երբևէ նրան չեմ դասավանդել, չեմ էլ մոռանում, որ ամիսներ առաջ իմ կողմից շատ սուր դիտողության է արժանացել` աշակերտին ոչ վայել պահվածքի համար:
Մտնում եմ 5-րդ ա դասարան, իմ բարևից հետո բոլորը կանգնած են, ի պատասխան զարմացած հայացքիս` հանկարծ խրոխտ հնչում են շնորհավորանքի խոսքեր: Տեսնես այս փոքրիկնե՞րը որտեղից իմացան, ու մի տեսակ ամաչում եմ ես… Այսպիսի օրերը երեխաների համար են, իմ ուրախության ժամանակներն անցել են, երանի թե չիմանային նրանք, որ նրանց շնորհավորանքից գիտակցում եմ կարծես, որ մեծացել եմ:
11-րդ դասարանի մուտքին չհասած, անկեղծ պոռթկումով իրար հերթ չտալով` շնորհավորանքի խոսքեր եմ լսում, փորձում եմ հանգիստ երևալ, բայց ներքուստ հուզված եմ…Իմ շնորհակալական խոսքերը սահմանափակվում են նրանով, որ հիշեցնում եմ նրանց, թե մեր ժամանակներում ո՞վ կմտածեր, որ աշակերտը համարձակվեր ուսուցչի ծննդյան օր շնորհավորել: Ու նորից կարծես ամաչում եմ, ու փորձում եմ շատ արագ անցնել հայոց լեզվի դասանյութին, միայն թե ինձ հետ առնչվող օրվա խորհուրդը մոռանային:
Դասամիջոցներին կարծես փախչում եմ ուսուցիչների և դպրոցականների շնորհավորանքների առատությունից…Հաջորդ դասաժամին միակ փրկությունս 12-րդ դասարանն էր, որ այստեղ հանգիստ կվայելեմ իմ դասը: Բայց այստեղ էլ ինձ ողջունում է նրանց համատեղ երգի շնորհավորական խոսքը: Ինձ թվում է` ես նորից ամաչում եմ, ու դասարանի մեջտեղում կանգնած` խոսքերս անհասկանալի ձևով սպառվում են…Մեղավոր հայացքով լսում են նրան, ով բոլորի անունից շնորհավորանքի նոր խոսքեր է հնչեցնում: Ու րոպեներ հետո դասանյութին խառնված մտքերս ինձ տանում են դեպի այն աշնանային արևը, որ Մաթևոսյան գրողի գրչով մարդը, իր ապրած լավ ու վատ օրերը հիշելով, տարիների հետ իր աշնան օրերն է ապրում: Ես սթափվում եմ աշակերտուհիներից մեկի հարցումով, թե արդյո՞ք հաշտվում եմ իմ տարիքի հետ:
Տարիքս ու հոգիս կարծես իրար հակասում են, մտորումներս ինձ հաջորդ դասաժամին տանում են դեպի իմ դասղեկական 7-րդ ա դասարանը: Միջանցքում ժպտերես ինձ կանգնեցնում են այդ դասարանի մի քանի աղջիկներ: Ինձ ուղղված հարցեր կան, նաև` մի փոքրիկ արգելք, որ դասարան չմտնեմ: Այս երեխաներն էլ ինձ խոսեցնում են, տեսնես ի՞նչ կա, որ դասարան մտնելու համար իրավունք պիտի հարցնել: Ու անվարան, մատյանը ձեռքիս` բացում եմ դուռը դասարանի…Եվ մի պահ քարանում եմ, անգամ մոռանում եմ իմ ամաչելու մասին:
Հրաշալի երգեր, առանձին-առանձին հնչեցրած շնորհավորական խոսքեր, պատուհաններից կախված նոր վարագույրներ, սեղաններ դարձած նստարաններ` քաղցրեղենով ու մրգեղենով առատ…Այն մեկը ինձ շշմեցրեց…Ամենուր ինձ եմ տեսնում, նկարներս են մեծացրած, որ ինձ են նայում` գրատախտակին ու պատերին կպցրած: Կենսախինդ ժպտացող երեխաների հայացքներ, դպրոցում աշխատող երկու մայրիկներ, որ իմ ծնողական խորհրդի անդամներն են, հիացմունքով ինձ են նայում: Անակնկալը հաջողվել էր…Ու ես այդ պահին մոռանում եմ, որ ամաչում եմ, երբ երեխաներն են ինձ շնորհավորում: Երախտիքի խոսք եմ ասում` հայացքս հառած իմ ժպտացող սանիկներին ու ինձ գրկախառնվող Էլինա Սարգսյանի ու Գևորգ Պետրոսյանի մայրիկներին, որ այնքան շքեղ վարդերի փնջեր են ինձ նվիրում:
Դպրոցից հետո անակնկալը մեծ էր տարածական աշխարհում…Բազմաթիվ շնորհավորական խոսքեր, բազմերանգ ու բազմատեսակ ծաղիկներ, հոգիդ ջերմացնող տողեր… Ու այդքան առատության մեջ ես կարծես չէի ամաչում, որ մի հրաշալի ընկերական շրջապատ հարազատական զգացողությամբ ինձ համար մի սրտաբաց տոնահանդես էր բացել:
Օրվա առիթով նույնիսկ չգիտեմ` երբ օրն անցել է, ես ամաչու՞մ եմ, թե՞ չեմ ամաչում, բայց գիտեմ հաստատ, որ ամեն մեկս տարվա ընթացքում այս մի օրն ունենք, որ ուրախանում և ափսոսում ենք, որ տարին անցավ, բայց անցած տարին նորից չի գալու:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2819 անգամ