Հայրիկյանի հայրենիքը ԱՄՆ-ն է
2016-12-13 14:16:00
Հայրիկյանի հայրենիքը ԱՄՆ-ն է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի սովորույթը՝ տարվա մեծ մասն արտերկրում անցկացնելը, պարզվում է, կարող է նաև վարակիչ լինել ոմանց համար: Ամեն դեպքում, նրանից հետ մնալ չի ցանկացել նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը հանրահավաքներում ԵՄ և ԱՄՆ դրոշները ծածանելուց հետո լիովին իրավունք էր վաստակել ոտք դնելու այն հողի վրա, որի շահերը ներկայացնում է Հայաստանում:

 Պահպանելով Րաֆֆու հաստատած կանոնները՝ Հայրիկյանը նույնպես Միացյալ Նահանգներում գտնվելը պայմանավորել էր այնտեղ ապրող որդու և նրա ընտանիքի տեսակցությամբ: Ի դեպ, սա չափազանց հատկանշական է այն իմաստով, որ մեր բոլոր «հայրենասեր» գործիչների զավակները բնակություն են հաստատել Հայաստանից դուրս և հեռուներից բուռն սիրով սիրում են իրենց երկիրը, քանի որ ոչ մի պարտականություն չունեն այդ երկրի հանդեպ: Եվ ուրեմն, Հայրիկյանի զավակը ևս գենետիկորեն պիտի ընդուներ ԱՄՆ դրոշը գլխից վեր պահող հոր դաստիարակությունը:

Սակայն, ինչպես հայտնի է դարձել, Հայրիկյանին միայն հայրական սերը չէր, որ նետել էր օտար ափեր:

Վերջինս ԱՄՆ-ում ոչ միայն իր գրքի շնորհանդեսն է կազմակերպել, այլև քաղաքական բովանդակությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց բուն նպատակը կարելի է ձևակերպել մեկ նախադասությամբ. «Ի՞նչ կարող է տալ Ամերիկան Հայրիկյանին ընտրություններին մասնակցելու համար»:

Իսկ այստեղ, որքան կարելի է հասկանալ, կարծես թե տվել են, և ոչ միայն խոստումներ: Այդ տվածի չափը մատնում է Պարույր Հայրիկյանի ոգևորությունը: Ծերունի քաղաքական գործիչն այս օրերին երիտասարդական ավյուն է ձեռք բերել ու լծվել է նախընտրական գործընթացին:

Առջևում լուրջ պայքար է. Հայաստանի ընտրությունները՝ հանուն ԱՄՆ շահերի:

shame.am

Այս նյութը դիտել են - 1327 անգամ