Համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար
2016-12-15 00:11:00

Ազգային ժողովի արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և ամբողջական ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և հարակից օրենքների նախագծերը 84 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար:
Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Մասնավորապես, սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար, համապատասխանաբա, 200 հազար դրամ և 100 հազար դրամ:
Բոլոր այս դեպքերում, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի երեխա, ապա ի հավելումն այս գումարների, ամսական կվճարվի ևս 100 հազար դրամ:
Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

Այս նյութը դիտել են - 1211 անգամ