Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Օրենքը, բնականաբար, չէր կարող նորմալ լինել և չպարունակել խայտառակություն, հակառակ դեպքում զարմանք կառաջացներ:
Իսկ խայտառակությունն այս նախագծում այն է, որ գաղտնիացվում են ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը: Այս անհեթեթությունը մեկնաբանվում է անվտամնգության նկատառումներով, սակայն դա ավելի մեծ անհեթեթություն է:
Ինչպե՞ ս կարող է երկրի առաջին դեմքերի ծախսերի հրապարակումն ազդել նրանց անվտանգության վրա: Եթե հարցը վերաբերեր, ասենք, նախագահի արձակուրդային հանգստի կամ նրա աշխատանքային, պաշտոնական ճաշի վայրերի գաղտնիացմանը, ապա ողջամտության նշաններ կարելի այստեղ տեսնել: Բայց խոսքը տվյալ դեպքում ծախսերի մասին է, իսկ այստեղ անվտանգության խնդիր փնտրելու համար մարդկային ֆանտազիան չի հերիքի` այստեղ անհրաժեշտ է ՀՀ կառավարության և Ազգային ժողովի անդամների ֆանտազիա:
Իհարկե, օրենքը միտված է նպաստել բյուջետային միջոցների մխսման թաքցնելու սուրբ գործին, քանզի դուրեկան չի լինի, եթե հրապարակվի ու տարածվի, որ, ասենք, նախագահի կամ վարչապետի համար տրյուֆել է գնվել կիլոգրամը 10.000 եվրո արժողությամբ: Կամ նախագահը հարսանիք է գնում ծառայողական ինքնաթիռով:
Կամ Ազգային ժողովի նախագահը օրեկան 60 քյաբաբ է պատվիրում Պրոշյանի դուքաններից: Եվ դրա համար էլ իմաստուն հայ օրենսդիրները որոշեցին, որ այսուհետ այս ծախսերը պետք է գաղտնի լինեն, որպեսզի չազդեն առաջին դեմքերի անվտանգության վրա:
Իսկ զավեշտն այն է, որ օրենսդիրներն իրավացի են` ինչ-որ առումով նրանց ծախսերի հրապարակայնացումն իրոք կվտանգի ոչ թե առաջին դեմքերի, այլ ողջ ռեժիմի անվտանգությունը: