Մի՞թե բարոյական բարձր արժեքները հատուկ են հայրենիքի դավաճաններին
2016-12-16 13:08:00
Ինչու՞ իմ խոսքը հակադարձվեց, երբ ասացի, որ մենք սերմանում ենք բարոյական բարձրագույն արժեքներ, իսկ այդ արժեքները դեպքից դեպք դրսևորվող երևույթներ չեն, դրանք հայ մարդու հոգու մեջ են, որ ուղեկցում են նրան ողջ գիտակցական կյանքում: Համամի՞տ չէին նրանք ինձ հետ, թե՞ վերջին օրերի դեպքերն էին առիթ հանդիսացել, որ խոսքս պետք է հակադարձվեր աշակերտներից մեկի դժգոհությամբ, որ մի՞թե բարոյական բարձր արժեքները հատուկ են հայրենիքի դավաճաններին:
«Աստվա՛ծ իմ...»,-ինչու՞ հնչեցրի միանգամից այս երկու բառը, այն էլ` բարձրաձայն… Իրավիճակը հարթեցնելու միջո՞ց էր, թե՞ ամաչում էի, որ ազգիս մեջ հայտնվում են նմանները…Սա փրկությու՞ն էր, որ արտաբերեցի միանգամից, թե՞ սերնդին ուղղված զգոնության կոչ, չարիքներից հեռու մնալու վերին բարձրյալին ուղղված աղերս և ամուր կամք դրսևորելու հակում…
«Աստվա՛ծ իմ...», բայց սա արտահայտություն է, որ ամեն օր հնչում է շատերիս հոգուց: Երկու բառ, որ հնչեցնում ենք մեր հոգու կապանքներից ազատվելու համար, բարձրակոչ ճիչ, որ հնչում է մեզանից անկախ: Դա անձնական ցավ է և ազգի ցնցում, դա մանկան ճիչ է և մահվան բոթ…Այն կարող է հնչել ուրախության թե տխրության ցանկացած պահի, արտահայտություն, որ կարող է ասել Աստծուն հավատացող կամ գուցե և չհավատացող որևէ մեկը:
Տարիներ առաջ ինձ էլ շատերի նման թվում էր, թե առերես պետք է հանդիպեմ Աստծուն, որ հավատամ նրա գոյությանը, բայց օրեօր համոզվում և փորձում եմ հոգուս մեջ փնտրել նրան ու տեսնում եմ, որ Աստված ամենուր է` մեր ներսում, մեր հոգու անհունության մեջ, նա մեր մտքի սլացքի հետ է, մեր թևերի ազատ ճախրանքում, մեր սրտի տրոփյունի հետ, ամե~ն-ամենուր...
Ու ամեն օր ես հնչեցնում եմ ազգիս համար այդ «Աստված իմ»-ը, մի խոսք, որ ուզում եմ լսելի դարձնել դրանով մեր համառ կամքը, մեր ազատ ապրելու իրավունքը, մեր ազնիվ ու մաքուր անցնելիք ճամփան… Եվ որքա~ն եմ ուզում, որ նա մտնի նաև ազգադավների հոգին, ու բարոյական այն բարձր արժեքները հասանելի լինեն նրանց, ու մենք չամաչենք, որ մեր ազգում էլ դավաճաններ կան:
Եվ նորից հիշեցնում են իմ աշակերտներին, որ մանկավարժությունը մարդու մեջ ազնիվ որակներ է դաստիարակում, և հուսադրվում եմ նրանով, որ նրանք ազնիվ արժեքներ են ձեռք բերում, ու մտովի կրկնում եմ հայտնի տողերը. «Նյութը, որի մասին կխոսի ուսուցիչը, կպահանջի դերասանություն: Դերասանությունն արվեստ է, բայց խաբող է: Ուսուցչությունն էլ արվեստ է, բայց խաբող չէ»:

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1558 անգամ