«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղերում ռեյտինգային ցուցակում մտցնել ոչ բոլոր մարզպետների անունները:
Յուրաքանչյուր մարզում առանձին մոտեցում է պահանջում իրավիճակը: Քանի որ Տավուշում, Լոռիում եւ Գեղարքունիքում իշխող կուսակցությունը ձայների «պակասորդ» ունի, որոշել են հենց այդ տարածքներում դնել մարզպետների թեկնածությունները:
Թող իրենց հեղինակությունը վերականգնելու համար «վազեն, քրտնեն» եւ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքեն:
Արթուր Նալբանդյանը, Հովիկ Աբովյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին»: Եվ քանի որ այս մարզպետների ռեյտինգը տեղերում առանձնապես չի «փայլում», նրանց սպասվում է դաժան մրցավազք: Երեք մարզպետ են, երեքն էլ «մի օրի»: