Ինչպես ասում են, ամեն աղբ մի օր կգտնի իր աղբամանը
2016-12-21 09:53:00

Քոչար Օսկանյան


Սովորաբար, կեղտը լողում է ջրի երեսին: Այդպես էլ հասարակության մեջ է. աղբը միշտ ամենատեսանելի տեղում է, նրան բացահայտելն անքան էլ դժվար գործ չէ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ թափթփուկը: Դրա համար էլ երբ տեղեկանում ենք, որ ադրբեջանցիներն այս անգամ հեռավոր Կանադայից պեղել են ոմն Վահանգն Կարապետյանի, որպեսզի մեզ համար բացահայտեն հերթական Հուդային, առաջին հերթին կռահում ենք, որ տականքն ինքն է ինքնաառաջադրվել՝ աղբահանության ծրագրի շրջանակներում:

Ադրբեջանցիների համար ցանկալի է կանադահայ բոսյակին ներկայացնել իբրև թե խորհրդային նշանավոր գրող, Հայաստանի գրողների միության անդամ, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ, սակայն փաստացի Վահագն Կարապետյանն իր ողջ գիտակցական ու անգիտակից կյանքում կարողացել է միայն մեկ դեպքում դառնալ հայտնի՝ դավաճանելով սեփական հայրենիքը:

Տարիներ առաջ արդարադատությունից մազապուրծ եղած ու իրեն Երևանից օտար ափեր նետած այս հանցագործը հիմա դրսում քաղաքական հալածյալ է ներկայանում և որոշել է վրեժ լուծել վրիժառության ստորագույն ճանապարհով, այսինքն՝ յուրայիններին ծախելով: Սա արդեն օրինաչափություն է դառնում: Նրանից առաջ էլ Բաքու մեկնած ու նոր հայրենք ձեռք բերած մյուս դավաճանները ևս կտրել են նույն ճանապարհը՝ կյանքում չկայացած ու անհաջողակ լինելու մեղքն ուրիշների վրա բարդելու սովորությունից մինչև մատնիչ ու հայրենադավ լինելը:

Եվ ինչպես նախորդները, այս մեկն էլ գիտի, որ թշնամուն հաճոյանալու ամենակարճ ուղին անցնում է մի սովորական նախադասության միջով: Ու Կարապետյանը շտապում է առաջին հերթին արտաբերել հենց այդ նախադասությունը. «Վաղ թե ուշ Ղարաբաղը անցնելու է Ադրբեջանին, ես դրանում համոզված եմ»,- ասում է նա ադրբեջանական լրատվալիջոցին, որպեսզի հետո արդեն ընդարձակի թեման և ի վերջո հասնի այն մտքին, որ ամեն հայի մեջ ադրբեջանցու արյան կաթիլ կա:

Կարապետյանի արյան բաղադրությունն ամենայն հավանականությամբ կազմված է բացառապես օտարածին հեմոգլոբիններից, ու այս ապօրինածին երևույթը նույնիսկ ակնարկում է, որ ինքը ադրբեջանցու հետ երկվորյակ եղբայր է: Իր ծագումնաբանությունը հստակեցնելուց հետո շատ ավելի դյուրին է դատողություններ անել հաշտեցման գործընթացների, քաղաքացիական հասարակության դերի, երկու ժողովուրդների մտավորականության սուրբ առաքելության մասին, որոնք բոլոր դեպքերում և միշտ պիտի ծառայեցվեն Ադրբեջանի շահերին, քանի որ այս խնդրում Հայաստանը անարդարության մարմնացումն է: Ինչպես որ ժամանակին հայերի երկիրը անարդար գտնվեց Կարապետյանի հանդեպ, այդպես էլ անարդար է իր հարևան ժողովրդի նկատմամբ: Ու քանի որ այդ բոլորը հերթով ասված է, ապա արդեն ծանոթ սցենարի համաձայն ճիշտ ժամանակն է, որ Վահանգն Կարապետյանն անկեղծանա ու ասի, թե որքան մեծ է իր ցանկությունը՝ անպայման հայտնվել Բաքվում, փողոցում հանդիպել որևէ ադրբեջանցի կնոջ, խոնարհվել նրա առաջ ու ներողություն խնդրել Շուշիի ու Աղդամի համար:

Ի վերջո, Կարապետյանը մի օր կարող է Բաքու մեկնել: Ինչպես ասում են, ամեն աղբ մի օր կգտնի իր աղբամանը: Իսկ հետո Կարապետյանը կարող է նաև այնտեղ ապրել իր բնական կյանքով՝ ամեն վայրկյան սպասելով իր անբնական մահին:

shame.am

Այս նյութը դիտել են - 934 անգամ