Օրերս հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «աշխատանքային» այցով մեկնել էր Գյումրի: Կարելի էր մտածել, որ ուղևորության առիթը չափազանց լուրջ էր, քանի որ նույն օրը նույն քաղաքում էին հավաքվել երկրի գրեթե բոլոր դատախազները:
Բայց պարզվեց, որ երկիրն անհանգստանալու հիմքեր չունի, իսկ այդ նույն երկրի իրավապահ համակարգը կարող է ձեռքի մի թեթև շարժումով բոլորին կտրել աշխատանքից ու տանել մի վայր, որտեղ ընդամենը խնջույք է նախատեսված:
Այո, Գյումրիում հանդիպման առիթը իրականում ոչ այլ ինչ էր, քան Շիրակի մարզի 36-ամյա նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության արարողությունը: Իսկ մկրտության քավորն էլ, ինչպես պետք է կռահել, եղել է հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հետո արդեն մինչև ուշ գիշեր շարունակվել է խնջույքը «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրում: 250 հոգանոց հյուրերի թվում եղել են հանրապետության մարզերի ու Երևանի վարչական շրջանների բոլոր դատախազները, ոստիկանապետեր, քննչական ծառայության պետեր, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ահա այսպես մարդիկ կարողանում են իրենց ընտանեկան նեղ անձնական իրադարձությունները վերածել դատախազության ընդլայնված նիստի: Այսպես մարդիկ կարողանում են իրենց երեխաների կյանքը դարձնել վերադասին երախտագիտություն հայտնելու միջոցի և կենցաղ ներմուծել այնպիսի բարքեր, որոնցից անբնականության հոտ է փչում:
Ի վերջո, սա ավելին չէ, քան ֆեոդալական ժամանակներին հատուկ երևույթ, երբ ազնվական տոհմերը ազգակցական կամ բարեկամական կապեր էին ձևավորում ընդհանուր շահերի, այլ ոչ թե ազնիվ զգացմունքների ու փոխադարձ անկեղծության հիմքի վրա:
Քավոր-սանիկական կապերի արդյունքում վաղը, անկասկած, տուժելու է արդարադատությունը, որովհետև քավորը պիտի մնա իր քավորական բարձրության վրա և չի նեղացնի սիրելի սանիկին, եթե սա որոշի մեղանչել օրենքի առաջ: Իսկ սանիկն էլ, անկասկած, կյանքից կսկսի ավելին պահանջել, քանի որ թիկունքին սարի պես կանգնած է քավորը՝ հանրապետության գլխավոր դատախազը: