Որ հիմա գնեմ, ուտելու ենք, հետո` վերջին օրը կառնեմ2016-12-27 10:22:00
Բոլորս էլ սիրում ենք Նոր տարվա շքեղությունը, որ փորձում ենք տալ մեր տոնական սեղաններին: Այն փայլող տոնածառին էլ ամեն տարի այս օրերին ուզում ենք նոր խաղալիքներ ավելացնել, որ նոր լույսերով հուսավառվենք:
Խանութում եմ: Իմ տեսադաշտում հայտնված ացելուները երիտասարդ ամուսիններ էին` փոքրիկ երեխայի հետ: Որոշ գնումներ կատարված էին, բայց նկատեցի ամուսնու ձեռքի ուղղվածությանը, որ կնոջը ցույց էր տալիս սառնարանում շարված երշիկների տեսականին: Կինը սաստեց նրան. «Որ հիմա գնեմ, ուտելու ենք, հետո` վերջին օրը կառնեմ…»: Երեխան էլ ձեռքը մեկնեց ինչ-որ քաղցրավենիքի: Մայրը կամաց ձեռքին խփեց` մի ուրիշ անգամ...
Ես ականատես եմ այսօր նաև մի գոյատևող թոշակառու կնոջ շատ համեստ նախատոնական գնումներին: Մի քանի մթերքներ, բայց ամենից` քիչ-քիչ... Պարզվեց` այլ վճարումներ ուներ նաև` դեռ լույսի վարձ կար, գազի ու ջրի, ինչպես ինքն ասաց, իսկ հեռախոսն էլ անպայման չէ, որ միացնեն…Բայց այս կինը իր հաշվարկների մեջ հիշե՞ց, թե հաջորդ ամսում ինչպես է գոյատևելու դատարկ գրպանով: Նաև արձագանքն եմ լսում այս օրերին մեր ուսուցչուհիներից մեկի դժգոհության, թե մյուս տարի աշխատանքը պարտադրված չի թողնի` տարիքային կենսաթոշակի անցնելու համար:
Բայց ամեն տարի նախատոնական օրերին հիշում եմ այս դեպքը: Նախագահական ընտրությունների նախօրեին դպրոցի բակում հանդիպում էր նախագահի թեկնածուներից մեկի հետ: Հանկարծ մի մեծահասակ մարդ խոսք խնդրեց, թե շատ քիչ թոշակ է ստանում, ապրելու հնարավորություն չունի, իսկ թեկնածուն ասաց` գնա՛ կարտոֆիլ ցանի՛ր, որ կարողանաս ապրել: Պատասխանը չուշացավ` ջուր չկա…
Այդ թեկնածուն քմծիծաղ տվեց, իսկ հավաքվածներս քարացած սպասում էինք նրա արձագանքին: Ու հանկարծ հնչեց ձայնը. «Իսկապես հնարավոր չէ այդ գումարով ապրել, բայց դու ապրում ես, ուրեմն շարունակի՛ր նույն ձևով ապրել»:
Այս տարիների ընթացքում նա և շատ-շատերը շարունակեցին ապրել, որովհետև գիտեին գոյատևելու ձևը, բայց ինչու՞ եմ ամեն տարի հիշում այդ խոսքերը Նոր տարվա շեմին:
Երբեմն այն մյուսին հեռուստատեսությամբ եմ տեսնում`ճոխ ապրելակերպով, և հիշում այն քմծիծաղը: Այդ հիշողությամբ էլ ես ուզում եմ գնումներ կատարել, բայց նաև բարձրաձայնում եմ, որ այնքան թանկ են, չենք էլ համարձակվում ինչ-որ բան գնել:
«Որ հիմա գնեմ, ուտելու ենք, հետո` վերջին օրը կառնեմ…»,-նորից արձագանքն եմ լսում այն կնոջ խոսքերի ու վերցնում եմ ընդամենը մի քանի մթերքներ և վճարում այնքան, որքան թոշակառուի ստանալիք ամենամսյա գումարն է, բայց դեռ ինչքա~ն գնումներ պիտի կատարենք Ամանորյա տոնական, նույնիսկ ոչ այնքան ճոխ սեղանի համար:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1688 անգամ