ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ .Հելեն Ավագյան
2016-12-27 10:50:00

ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ 

Ի՜նչ է դարձել կյանքը` խառնակ, 
Ի՜նչեր տեսանք մենք մեր կյանքում, 
Թացն ու չորը խառնվել իրար` 
Ու մեր կյանքն են ավերակում: 

Քույր կա` մայր է քրոջ համար, 
Քույր կա` կյանքդ կնվիրես 
Ու կթվա` քիչ է, սակայն, 
Քանզի գանձ է քույրն իսկապես: 

Քույր կա` քրոջ տուն է քանդում 
Հանուն շահի` ինքնամոռաց, 
Թուղթ ու գիրն էլ չի խնայում, 
Միայն տեսնի ցավն իր տված: 

Ինչպե՞ս չասեմ անիրավին, 
Որ հմուտ ես դերդ խաղում, 
Որ քո ձեռքով մի ընտանիք 
Կործանվել է քո ծուղակում... 

Ո՞վ իմանա Աստծուց բացի 
Ի՞նչ է, արդյոք նա որոճում, 
Ո՞վ է, արդյոք, իրավացի, 
Պատասխան կա՞ այս վարկածին: 
 
 Քույր կա` եղբոր կյանքն է փրկում, 
Կուլ չի գնում փշուրն հացի, 
Տառապում է ու մորմոքում, 
Որ եղբայրը չհառաչի: 

Քույր կա` չարն է խոկում միայն, 
Չի դարմանում հարազատին, 
Քույր կա` մայր է եղբոր համար, 
Եղբոր ցավին նեցուկ է պինդ: 

Լսիր խոսքս, Մարդ արարած, 
Մի ենթարկիր քեզ նզովքի, 
Մեզ զննում է հերթով Աստված, 
Չարին բարին նա կզատի: 

Կգա ժամը դատաստանի 
Եվ փորձության կտանի մեզ 
Ու կմեկնի լավ ու վատի 
Սահմանումը ամենամեծ: 

Ընկեր լինես, թե` բարեկամ, 
Թե` հարևան լինես դիցուք, 
Այնպես ապրիր , որ մարդ մնաս 
Այս աշխարհում նենգ ու անձուկ: 

Տաք է արյունն իմ տաղերի, 
Ջերմացեք ինձ ընթերցելով, 
Ես հեռու եմ նենգ խաղերից, 
Եվ սրտերից ամպոտ ու ցուրտ... 

Հեղնար Հելեն Ավագյան 
12.25.16. թ.
Այս նյութը դիտել են - 1440 անգամ