Տարածքային կառավարման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանն իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում մի տեղեկություն հաղորդեց, որը լիովին փչացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախատոնական տրամադրությունը: Լոքյանն ասաց. « Այժմ ակտիվ շրջանառության մեջ է մտել այն հարցը, որ մշակույթի նախարարությունը գուցե տեղափոխվի Գյումրի:
Այս պահին հաշվարկվում են շենքերի արժեքը, աշխատակիցների հնարավորությունները՝ Երևանի՞ց են մեկնելու աշխատելու, թե՞ հաշվի են առնելու Գյումրիում ունեցած ներուժը: Այդ որոշումը կընդունվի մյուս տարվա ընթացքում»:
Լոքյանի համար դժվար չէ նման գաղափար շրջանառու դարձնելը: Նա միշտ էլ կարող է պնդել, որ դա արվում է տարածքների համաչափ զարգացման համատեքստում:
Իսկ ահա Ամիրյանի բանը բուրդ է: Շատերն են հիշում, որ այս նախագիծը բավականին հին է: Առաջին անգամ դրա մասին խոսվեց նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք, սակայն ագրեսիվ տիկինն այն ժամանակ համարձակություն ունեցավ հայտարարելու, որ քանի դեռ ինքը մշակույթի նախարար է, թույլ չի տա նախարարության տեղափոխումը:
Ի դեպ, տիկին Հասմիկը բավականին հետևողական գտնվեց այդ հարցը մեռցնելու համար:
Հիմա այն կրկին վերակենդանացվում է, իսկ Ամիրյան Արմենը բոլորովին էլ Հասմիկ չէ:
Սա թեև տղամարդ է, բայց չկարողացավ նույնիսկ տեր կանգնել իր այն տղամարդկանին խոստմանը, թե երբեք չի անդամագրվելու որևէ կուսակցության:
Ավելին ասենք, Ամիրյանն արդեն մի մեծ վրիպում կատարել է՝ գլուխ գովելով, թե մարզերում մշակութային կյանքի աշխուժացման խիստ անհրաժեշտություն կա, և ինքն այդ բացթողումն անպայման կլրացնի:
Հիմա նրան կհիշեցնեն իր խոսքերը և կուղարկեն մարզեր՝ աշխուժացման:
Եվ եթե նախարար նշանակվելու օրը Արմեն Ամիրյանը հարազատ կնոջն ասել էր, թե այսուհետ ուշ-ուշ են տեսնվելու, ապա հիմա կարող է դառնությամբ խոստովանել, որ գուցե թե առաջիկայում մի տևական ժամանակ ընդհանրապես չհանդիպեն: