30-ամյա Քրիստինե Գալստյանն անուսնու և երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Հրազդանի Միկրոշրջան թաղամասում: Սոցիալական ծանր պայմանների պատճառով Քրիստինեն ստիպված Միկրոշրջանի շուկայում հավաքարարի աշխատանք է կատարում:
NEWS.am-ի հետ զրույցում Քրիստինեն պատմեց, որ հիմնական աշխատանք չունի, միայն երեխաների նպաստ է ստանում, որը չի բավականացնում նրանց հոգսերը հոգալու համար:
《Շուկայի տերն այստեղ տարածք է տրամադրել, ամառը էրեխեքի հետ մնում եմ, ձմեռն էլ ամեն օր գնում տուն, գալիս: Էստեղ եմ սրբում, տնօրենի կաբինետը, մեկ էլ տուալետ մտնողների գումարն եմ հավաքում: Օրը 500-600 դրամ վերցնում եմ մաքրելու համար, մեկ էլ տուալետ մտնողներից ով ինչքան տա, տա: Շուկայում առևտուր անողների վեշերն եմ հավաքում, յաշիկներն եմ տեղափոխում: Աշխատած գումարով օրվա հացն եմ առնում հիմնականում: Էրեխեքս էլ հետս ստեղ են լինում ամբողջ օրը》,-պատմեց Քրիստինեն:
Շուկայի վաճառողները NEWS.am-ին պատմեցին, որ Քրիստինեն և ամուսինը մանկատան սաներ են եղել, Քրիստինեն շատ աշխատասեր է ու ամեն աշխատանք անում է, բայց երեխաները շատ մեծ խնամքի կարիք ունեն.
《Մենակ տենաք` ոնց ա յաշիկներ կրում, բացի սրբելուց մեզ ա օգնում, վեշերն ա հավաքում, շատ ղոչաղ ա, մենք էլ ինչ կարողանում ենք, տալիս ենք` գումար, ուտելիք, շոր: Մեծ տղան ընդունակ երեխա է, ամռանն ազատ ժամանակ էրեխու հետ գրքեր ենք կարդում, պարապում ենք, մեղք են էս էրեխեքը էս պայմաններում, ցրտից ու սովից կմեռնեն》,-ասացին վաճառողներից:
N EWS.am-ի այցի ժամանակ երեխաներից մեկին մայրը հիվանդանոց էր տարել, իսկ երկուսը կիսախարխուլ պահակախցում, մեղմ ասած, սառում էին: Տղան` Նարեկը, մեզ հետ զրույցում նշեց, որ գիշերօթիկ դպրոցում իրեն լավ է զգում, կարեւորը չի մրսում. 《Էստեղ լավ չի, սպասում եմ` նոր տարին պրծնի, գնամ, Ձմեռ պապիկին չեմ հավատում ու ոչ մի բան էլ չեմ ուզում, մենամ ուզում եմ տաք լինի》,- ասաց յոթ տարեկան տղան: