Ո՞ւր են հոսում առվակները2017-01-30 09:38:00
![](files/f283dbfba/7899/e818b9738b.jpg)
Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, քչերի մտքով,թերևս,կարող էր անցնել,որ այդ նշանակումը Հանրապետականի վրա այսքան թանկ կարող է նստել:
Հենց այդ օրվանից սկիզբ դրվեց այն պայթյունին,որին ականատես է դառնում հայաստանյան հասարակությունը հիմա`ընտրություններից կարճ ժամանակ առաջ:
Թե կարապետյանական բարեփոխումներն ինչով են պայմանավորված, հնչող տեսակետները չափից շատ են ու բազմազան: Ոմանք այն պայմանավորում են նախընտրական սեզոնի բացմամբ,ոմանք Պուտինի`Հայաստանը խելքի բերելու ցանկությամբ են այս ամենը հիմնավորում,իսկ ուրիշներ էլ այս ամենում յուրատեսակ չարագույժ բան են տեսնում` բուրգի չերևացող հատված,որը,սակայն,բավականին խնամքով թաքցված է հասարակության աչքից:
Իսկ փոփոխությունները, պետք է նկատել, բավական հետաքրքական են:
Մինչ Կարապետյանը,հմայիչ ժպիտը դեմքին, նախարարներին կյանքի դասեր է տալիս, բացատրում`ինչը որից հետո է, Հանրապետականի ծիրից ներս կրքեր են թեժանում, քաղաքական ապահարզաններ են կայանում,ու մարդ զարմանում է սեփական աչքով տեսածի վրա`ինչպե՞ս կարող է այս ամենն իրականություն լինել:
Թե՛ Հովիկ Աբրահամյանի,թե ՀՀԿ հին գվարդիայի ջրերը Սերժ Սարգսյանի առուների հետ կարծես այնքան էլ նույն հունով չեն ընթանում,ու ամեն բան խառնվել է իրար: Ինչո՞ւ:
Չնայած շատերը հայաստանյան ներքաղաքական դաշտում, բայց հատկապես դոմինանտ կուսակցությունում տեղի ունեցող պրոցեսները վերևից նախապես նախագծված կրկեսային ներկայացման մի անքակտելի մասնիկ են համարում`ուշադրության ու լուրջ վերլուծությանն անարժան, սակայն կարծել,թե այս ամենն ընդամենն անֆիթատրոնային բարդ ներկայացման մի խաղային դրվագ է,անկասկած, սխալ կլիներ:
Իրականում տեղի են ունենում լրջագույն պրոցեսներ,որոնց պատճառները շատ ավելի խորքային կարող են լինել,քան առաջին հայցքից կարող է ոմանց թվալ:
Պետք չէ մոռանալ,որ այս ամենը տեղի է ունենում հետպատերազմյան Հայաստանում (խոսքն ապրիլյան պատերազմի մասին է),ու եթե չլիներ Քառօրյա պատերազմը,հազիվ թե հիմա մենք ականատես դառնայինք այսօրինակ իրադարձությունների:
Ամենևին էլ չի բացառվում, որ սեղանին մի ողջ ժողովրդի ապագայի հարցն է դրված, վճռվում է մի կարևորագույն ճակատագրական հարց, որի լիարժեք բովանդակությունն ըմբռնելը,սակայն,շատերի ուժերից վեր է հիմա:
Բանն այն է,որ ամենևին էլ չի բացառվում` Հայաստանին դրսից որոշակի ժամանակ է տրվել` պատրաստվելու ապագայի պատերազմին,որ շատ ավելի մասշտաբային է լինելու,քան այսօր որևէ մեկը կարող է նույնիսկ ենթադրել: Հասկանալով այս պարզ ճշմարտությունը`նախագահը,որն ամենաքիչն է շահագրգռված սեփական իշխանության կորստում, ստիպված է գնալ այնպիսի փոփոխությունների,որոնք ՀՀԿ հին գվարդիայի քիմքին այնքան էլ կարող են հաճելի չլինել:
Փաստացի տեղի է ունենում այնպիսի մարդկանց «կրճատում»,որոնք երկար տարիներ ի վեր հանդես են եկել Սերժ Սարգսյանի իշխանության երաշխավորների դերում,ու եթե կողքից նայելու լինենք պրոցեսներին,ապա այնպիսի անսխալ տպավորություն կստեղծվի,որ Սարգսյանը փորձում է «կտրել այն ճյուղը,որի վրա նստած էր» ինքը տարիներ ի վեր:
Հետևաբար` ցանկացած բանական մարդ կարող է ինքն իրեն հարց տալ` ի՞նչ է կատարվում պետական իշխանության վերին էշելոններում:
Իհարկե, ստանալ սույն հարցի պատասխանը առնվազը խորհրդարանական ընտրություններց առաջ, ոչ ոք չի կարող,բայց և կարծել,թե այդ ընտրությունները տալու են բոլոր հարցերի լիարժեք պատասխանները,ևս միամտություն կլիներ:
Ամեն բան դեռ նոր է սկսվում:
Անուշ Արշակյան
Այս նյութը դիտել են - 1659 անգամ