Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերը թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի թիմակիցների միջեւ բախում է եղել։
Արման Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա եւ ամեն ինչ պետք չէ աբսուրդի հասցնել․ «Ոչինչ չի եղել, ոչ մի միջադեպ չի եղել եւ չի էլ կարող լինել։ Մենք բոլորս թիմակիցներ ենք եւ մենք բոլորս միասին մեր կուսակցության քվեների համար ենք պայքարում»։
Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է Տավրոս Գեւորգյանի հետ, Արման Սահակյանը պատասխանեց. «Կարող ա հարցնեք՝ տնեցիք ո՞նց են»։ Փորձեցինք կապ հաստատել Տավրոս Գեւորգյանի հետ, սակայն ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունից Գեւորգյանի շտաբից հեռախոսահամար չտրամադրեցին։
Հիշեցնենք, որ ոստիկանության մամուլի ծառայությունից «Հրապարակին» հայտնել էին, որ իրենց մոտ ոչինչ չի արձանագրվել, որեւէ ահազանգ չկա, որեւէ քաղաքացի չի դիմել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել նաեւ ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից, ով նշեց, որ որեւէ տեղեկություն չունի, առաջինը մեզնից է իմացել, որ միջադեպ է եղել։ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ օրվա ընթացքում կփորձի թեկնածուների հետ զրուցել։
Այս նյութը դիտել են - 3202 անգամ