Մանկավարժի խոսք… Գրողների միջազգային օր
2017-03-02 14:14:00
Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ գեղարվեստական խոսքի վարպետներին` այս հիանալի իրադարձության կապակցությամբ, բոլոր նրանց, ովքեր իրենց անհանգիստ ու վայրիվերո ապրումներով կարողանում են ընթերցողներին ներկայանալ արտահայտիչ ու պատկերավոր խոսքի ճշմարիտ արժեքներով, մարդկային փոխհարաբերությունների, հույզերի և անձնական ու անանձնական զգացումների հարուստ գեղարվեստական աշխարհով, մարդասիրության, լույսի և բարության ցոլքերով: 
Սովորաբար գրողներին կոչում են գեղարվեստական խոսքի վարպետներ: Իրոք, ու՞մից մենք պետք է ուսանենք ստույգ, հստակ, տրամաբանված խոսքի արվեստը, եթե ոչ այդ վարպետներից: Դրա համար էլ գրականությունը մեզ տալիս է բոլոր հնարավորությունները, որպեսզի սովորենք ճիշտ խոսելու և գրելու արվեստը:
Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ գրողի յուրաքանչյուր ստեղծագործութուն ասելիքի խորություն պիտի ունենա, պատկերավոր լեզու, գեղարվեստական մտածողություն, քնարական ապրումներ, անսանձ երևակայություն, թարմ խոսք… Գրող լինել, նշանակում է նրա խոհը պատգամ պիտի դառնա, կոչ, օրհնանք ու երգ, որով շարժման մեջ է դնում իր ներգործուն ու ազդեցիկ խոսքը: Գրողի սիրտը պետք է թրթռա մարդու սիրով, թափանցի նրա հոգին, հաղորդակից դառնա նրա ապրումներին, դադարի անհատական լինելուց, ապրի ընդհանրական զգացումներով, ունենա հարուստ ստեղծագործական արվեստ, աննկարագրելի պատկերներ ստեղծելու տաղանդ, նորը հայտնաբերելու շնորհ:
Մեր օրերում էլ գրողական աշխարհն ընդլայնել է իր շրջանակները, որը երբեմն արժեզրկում է ժամանակակից շատ գրողների հստակ աշխատանքը: Կա նաև «հացի խնդիր», որ երբեմն գիրք հրատարակելը նաև գումար աշխատելու միջոց է ծառայում, բայց դրա կողքին փոշու մեջ կորած գրքեր կան, որ ընթերցողներ չունեն: Հաճախակի եմ հիշում Նար-Դոսի հերոսին, Պատրիկյանի կերպարն այսօր էլ առկա է, երբ մտավորականներ ունենք` ստեղծագործական հմուտ խոսքով, բայց նրանց գրքերը գրախանութներում են դարսված: Երբեմն ոչ բոլորին է հաջողվում գիրք հրատարակել` կապված ֆինանսական միջոցների հետ: Սա ևս խնդիր է, որ ոչ բոլորին է հաջողվում դառնալ գրքի հեղինակ: Կա նաև հակառակը` գրքի հեղինակ լինել, դա չի նշանակում` դառնալ գրող:
Մեծ է գրականության կենտրոնական դերը համաշխարհային մշակույթի մեջ, ուղղակի պետք է կարողանալ պաշտպանել նաև գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից և պայքարել ազատ խոսքի համար, որին երբեմն սվիններով են արձագանքում: Կա նաև մտահոգություն, թե այսօրվա հայ գրականությունը որքանով է զարգանում համաշխարհային զարգացման ընթացքով, և որքանով է այն հասանելի օտար ընթերցողներին:
Ժամանակակից հայ գեղարվեստական մտքի զարգացման հիմքում պետք է տեսնել գրական հայերենի կատարյալ արտահայտությունը, մաքուր ու կենսունակ լեզուն, որի պահպանման նախապատվությունը տրված է նաև գրողներին: Մանկավարժիս համոզմամբ` այդ իսկ բյուրեղյա մաքրությամբ էլ յուրաքանչյուր գրող դառնում է «ժամանակի հայելին»` իր բարձրարվեստ դիմանկարով` որպես խոսք արարող, մարդագետ ու մարդաբան:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2696 անգամ