Արարատի մարզում շարունակվում է քաղաքական լարված իրավիճակը: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են ճնշումներ բանեցնել ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները՝ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ԲՀԿ-ական ակտիվիստ Գարսևան Վարդանյանին:
Նա Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում գործող նախընտրական շտաբի ղեկավարն էր: Ոստիկանության աշխատակիցները որևէ բացատրություն չեն ներկայացրել և բացատրություն չեն տվել, թե ինչ նպատակով են բերման ենթարկում:
Մենք փորձեցինք կապ հաստատել Արտաշատի ոստիկանության աշխատակիցների հետ՝ պարզելու համար, թե ինչ պատճառով են բերման ենթարկել Արգամ Աբրահամյանի աջակցին. զրուցեցինք ոստիկանության Արտաշատի բաժնի պետի տեղակալ՝ Ատոմյան Սամվելի հետ:
Ոստիկանության պետի տեղակալ Ատոմյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ում կամ ինչի համար են բերման ենթարկել.«Հա չգիտեմ: Իսակով փողոցի՞ց, բայց երևի ծառայողական պարապմունք է: Սպասեք ճշտեմ զանգեմ»,-մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության Արտաշատի բաժնի պետի տեղակալ Սամվել Ատոմյանը:
ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից Politik.am-ի հետ զրույցում ասացին, որ Գարսևան Վարդանյանը ոստիկանության բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է ոստիկանություն կոնկրետ գործի շրջանակում: Ոստիկանության լրատվության բաժնից հրաժարվեցին ասել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ոստիկանություն:
Ոստիկանության այս պնդումները չեն ընդունում Գարսևան Վարդանյանի հարազատները:
Նրանք Politik.am—ի հետ զրույցում հայտարարեցին, որ երիտասարդին վաղ առավոտյան ժամը 09:00-ին բերման են ենթարկել տանից, նա իր կամքով չի գնացել ոստիկանություն:
Այս նյութը դիտել են - 1909 անգամ