Նույն Արթուրն է` նույն ժպիտով, ոչ մի բան չի փոխվել.Սյուզան Սիմոնյանը այցելել է Հաց բերողին Hayeli
2017-03-07 10:30:00

 Երեկվանից «Արմենիա» ԲԿ-ում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է:

Այսօր նրան են այցելել «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:

Սյուզան Սիմոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նրա տրամադրությունը շատ բարձր է, ոչ մի ձեւով չի կոտրվել. «Նույն Արթուրն է` նույն ժպիտով, ոչ մի բան չի փոխվել նրա մոտ:

Խոսեցինք, շնորհակալական, երախտիքի խոսքեր էր ասում բոլորին այս օրերին այդքան չարչարվելու համար:

«Հայ կանանց ճակատ»-ին հատուկ շնորհակալություն հայտնեց, ասաց, որ իմացել է, բայց չի լսել մեր ձայները, երբ այցելել էինք «Դատապարտյալների հիվանդանոց»-ի մոտ:

Պատմեց՝ ինչ օրեր է ունեցել, չի ուզել իր միայնությունը շեղվի, բացարձակապես չի ուզել ինչ որ մեկը իր մոտ մտնի դուրս գա: Ասաց, որ միայն փաստաբանների բերած ջուրն է ընդունել, այն էլ ստուգելուց հետո է միայն խմել, որ ավելորդ բաների տեղիք չտա:

Ինքն էր մեզ հանգստացնում, ասում էր՝ լավ է»: Սյուզան Սիմոնյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանը հայտնել է, որ դուրս է գալու, հայտարարություններ է անելու. «Նույնիսկ ասաց, որ ուրբաթ օրը դուրս է գալու, չգիտեմ՝ բժիշկները թույլ կտան, թե ոչ:

Իր մեջ ոնց որ Տորք Անգեղի ոգին լինի, ես առաջ կարծում էի, որ միայն Վարուժանն ու Ժիրայրը անպարտելի ոգի ունեն, կարող են սոված մնալ օրերով, տանջվել, պարզվում է՝ մեր գեների մեջ կան այդպիսի մարդիկ ու ես ուրախ ու հպարտ եմ Արթուրով»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ:

Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: Մարտի 6-ին դատախազի որոշմամբ եւ պատգամավորների երաշխավորությամբ կալանքը փոփոխվել էր, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 2125 անգամ