Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին նոր մոտեցումների առումով օրիգինալ չէր:
Տեր-Պետրոսյանը առավելապես խոսում էր ղարաբաղյան հարցի կարգավորման իր հայտնի մոտեցումների մասին և ըստ էության կրկնեց այն, ինչ բազմիցս արդեն ասել էր: Պարտվողական հայտնի մոտեցումների արտահայտման մեջ նորությունը թերևս մի քանի ձևակերպումներն էին:
Դրանցից ամենաուշագրավը ՀՀ առաջին նախագահի խոստովանությունն էր, որ ինքն օկուպանտ նախագահ է՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: Նա այս մասին հայտարարեց բառացի. լրագրողի ճշտող հարցին՝ Դուք էիք այն ժամանակ նախագահը, Դուք օկուպացիա՞ էիք արել, նախագահը պատասխանեց.«Այո՛»: Քիչ անց Լևոն Տեր-Պետրոսյանը վերախմբագրեց ինքն իրեն, հայտարարելով, որ ազատագրված տարածքների համար ամենաճիշտ տերմինը սա է. Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ:
Երկու դեպքում էլ, իհրակե, ասոցացիան շատ տխուր է, երբ քո երկրի հիմնադիր նախագահը, ում օրոք հայկական տարածքները ընդլայնվել են, վախենում է այս մասին խոսել իբրև հաղթանակի և տերմիններ է հնարում, որ չօգտագործի ազատագրված հայկական հողեր բառակապակցությունը…. Սա Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական մոտեցումն է, դրա մասին շատ է խոսվել ու գրվել, հավանաբար դեռ էլի կխոսվի ու կգրվի:
Հաշվի առնելով, որ հարցազրույցը նախընտրական էր, առաջնային ակցենտն այս փուլում, բնականաբար, դառնում է քաղաքական անթաքույց համակրանքը, որը Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտում էր գործող նախագահի և իշխանության նկատմամբ:
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ Սերժ Սարգսյանին ու նրա ղեկավարած իշխանությանը անվանում էր հանցավոր ռեժիմ, ավազակապետություն, որի բուրգը պետք է կազմաքանդել: Այլևս անցյալում են նաև բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակները, երբ Տեր-Պետրոսյանի հույսն ու քաղաքական հենարանը Գագիկ Ծառուկյանն էր:
Հիմա արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ապավենը Սերժ Սարգսյանն է:
Ըստ առաջին նախագահի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է պատասխանեին ընդամենը մեկ, իր կարծիքով ամենակարևոր հարցին. համաձա՞յն են ԼՂՀ խնդրի կարգավորման միջազգային միջնորդների կողմից առաջարկված տարբերակին, որի շուրջ այսօր բանակցում են ՀՀ իշխանությունները. «Մենք հայտարարում ենք, որ համաձայն ենք»,- նշեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենցից բացի միակ ուժը, որն այս հարցի մասին իր նախընտրական ծրագրում դրական է արտահայտվել ՀՀԿ-ն է: «Մնացած բոլոր ուժերին, ովքեր ԼՂՀ հարցին չեն ցուցաբերել կոնկրետ մոտեցում, չեն ասել այո կամ ոչ, պետք է գնալ և դեմ քվեարկել»,- գտնում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդը:
Փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է քվեարկել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի օգտին:
Սա նրա հարցազրույցի ամենակարևոր մեսիջն էր:
Հայկ Դավթյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 3193 անգամ