Մարաղայի սպանդը մեզ հետ է արդեն 25 տարի2019-04-10 10:06:00
Մարաղա՛…Մի հարազատ ու ջերմ օրրան, որի խաղաղ բնակչությունը դարձավ ցեղասպանության զոհ 92-ի ապրիլի 10-ին: Այդ օրերին մարտակերտցիներս նկուղներում էինք պատսպարվում, բայց լսեցինք արյունարբու բարբարոսի ոճրագործության մասին, մնացինք պապանձված: Մենք ցնցված էինք, ահասարսուռ վայրագությունները` մեզանից ոչ հեռու գյուղում, մեզ գամեցին մեր բնակելի շենքի նկուղի բորբոսնած պատերին: Կցկտուր զրույցներ էին լսվում, որ ազերիների տանկերը կանգնել էին` փողերն ուղղված տների վրա, գոռում էին կատաղած գազանները, որ թաքստոցներից դուրս գան խեղճ բնակիչները…
![](files/552cdbe/8600/e3fd696352c8c9a3.jpg)
Մեզ կորցրած էինք, չէինք ուզում լսել այն կցկտուր պատմությունները, որ կենդանի մարդուն գլխատել էին, հանել մարդկանց աչքերը, կտրել ականջները, երկաթյա ձողերով տանջամահ արել մեծահասակներին, կանանց ու երեխաներին: Չէինք ուզում հավատալ, բայց ինչու՞…Սումգայիթից ու Բաքվից հետո այդ արյան ծարավ գազանները մեզանից ոչ այնքան հեռու այդ գյուղն էին մտել, նման ոճրագործություն կատարել, և մենք չէինք ուզում հավատալ: Գուցե զգու՞մ էինք, որ կենդանի սպանված էինք, բայց չէինք ուզում մեր ոգին կոտրել: Եվ ամիսներ հետո մենք հասկացանք, որ կառչել պետք չէ այս հողին, մենք պետք է դուրս գանք մեր թաքստոցներից, որ կարողանանք փրկվել: Ու կեսգիշեր էր, երբ մեր նկուղի դռան մոտ կանգնած ոմն մեկը կանչեց շատ բարձր ձայնով. «Դու՛րս եկեք…Մարդ կա՞ այդտեղ, թուրքը մտնում է Մարտակերտ, դու՛րս եկեք...»:
Երեսուն բնակարանոց շենքի բնակիչներից երկու ընտանիք էինք մնացել: Սարսափելի էր… Երկինքն էլ ծառս էր եղել, հորդառատ անձրև էր տեղում, կայծակն էր որոտում…Մարաղայի դեպքերն աչքներիս առջև` սարսափահար դուրս եկանք նկուղից: Ութ տարեկան քնաթաթախ երեխայիս լացի աղաղակը միախառնվեց գիշերային մառախլապատ երկնքի որոտընդոստ ձայներին…
Մարաղայի սպանդից տաս տարի անց` 2002-ի ապրիլի 10-ի հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեց: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս. Հովսեփյանի անունից հրավեր ստացա` մասնակցելու Նոր Մարաղայում` զոհերի հիշատակին կազմակերպված միջացառմանը:
Այդ օրը շատերի կողքին ես ելույթ ունեցա նահատակների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ…Առանց բարձրախոսի` իմ ձայնը շատ բարձր էր հնչում, որպեսզի հասանելի լինի այն հարակից ճանապարհի մոտ անվասայլակին նստած հաշմանդամ ազատամարտիկին, ով չկարողացավ մոտենալ հուշարձանին: Այդ պահին ես լսում էի տաս տարի առաջ արյունալի սպանդի ենթարկված, մահվան սարսափազդու հայացքի տակ ճչացող, գերության տակ կքած` մի բուռ ժողովրդի շուրթերին քարացած վերջին հառաչանքները:
Մեր դպրոցի տնօրենության և մանկավարժական կոլեկտիվի կողմից խոնարհումի խոսք ուղղվեց անհայտ կորածների և նահատակների հիշատակին, երախտագիտության խոսք` նորմարաղացիներին, ովքեր կարողացան մղձավանջային տառապանքների գնով վերընձյուղվել ու ստեղծել իրենց նոր կյանքը: Դա նաև մանկավարժիս ակնածանքի խոսքն էր` ուղղված անսասան կորով, ապրելու սեր, ազատության տենչ և գալիքի նկատմամբ մեծ հավատ ունեցող այդ գյուղի բնակիչներին, որով ողջունում էի նրանց պատմության արևածագը` խաղաղության և լուսավոր կյանքի ակնկալիքով: Այդ օրը ԼՂՀ կրթության և գիտության նախարար Հ. Գրիգորյանի` մանկավարժիս հետ ձեռքսեղմումն ու ինձ ուղղված շնորհակալությունը վկայում էին, որ խոնարհումի խոսքս իր ազդեցությունն էր գործել ներկաների վրա:
Մարտակերտից ոչ շատ հեռու է գտնվում Նոր Մարաղա գյուղը, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր չեն մոռանում այն հինը, որի վրա դրոշմված է մի արյունալի սպանդ: Այդ գյուղի անունը միայն Մարաղա էր, մի գյուղ, որ այժմ էլ գերության մեջ է:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 5109 անգամ