Հաց բերողը եղել է «Ավրորա» մրցանակի հավակնորդների ցանկում. Ռուբեն Վարդանյան
2017-04-24 23:27:00

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած, անցած ամիս հիվանդանոցում մահացած Հաց բերող Արթուր Սարգսյանը եւ Սոչիի ավիաաղետի ժամանակ զոհված բժիշկ Լիզան եղել են «Ավրորա» մրցանակի եզրափակիչ անցածների ցանկում, բայց, դժբախտաբար, նրանք կենդանի չեն։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ Արթուր Սարգսյանը չի եղել «Ավրորա-2017»-ի մրցանակակիրների եզրափակչում հայտնվածների ցանկում։

«Դժբախտաբար, մահացած մարդիկ չեն կարող լինել «Ավրորա»-ի մրցանակակիրներ»,- ասել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ըստ բժիշկների՝ Սարգսյանի մահվան պատճառը՝ սիրտ-անոթային անբավարարությունն է եղել:

Իսկ ռուս հասարակական գործիչ ու իրավապաշտպան, կրթությամբ բժիշկ, «Արդար օգնություն» միջազգային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն բժիշկ Լիզան 2016 թվականի դեկտեմբերի 25-ին զոհվել է Սոչիի ավիաաղետի ժամանակ։ Նա Սիրիա էր տանում դեղորայքի խմբաքանակ՝ Լաթաքիայում գտնվող Տիշրին համալսարանական հոսպիտալի համար։

Այս նյութը դիտել են - 2618 անգամ