«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Անգամ տեղեկացանք, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա և սպասում է այդ երկրի հաստատմանը:
Ա. Բաբլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու: «Ո՛չ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա:
Մենք փորձեցինք նաեւ արտգործնախարարությունից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ, բայց մեզ պարզապես չպատասխանեցին: Նշենք, որ դիվանագիտության մեջ ագրեմանն ուղարկելը գաղտնի գործընթաց է, եւ այդ մասին հրապարակավ չեն հայտնում: Եվ դա հրապարակայնացնում են միայն այն ժամանակ, երբ տվյալ երկիրն ընդունում է առաջարկված թեկնածությունը:
Լինում են դեպքեր, իհարկե, հազվադեպ, որ առաջարկված թեկնածությունն ինչ-ինչ պատճառով մերժվում է եւ նոր թեկնածություն է առաջարկվում: Իսկ ընդհանուր առմամբ, ագրեմանի հաստատումը հատկապես Եվրամիության անդամ երկրներում տեւում է մինչեւ երեք ամիս:
Այս նյութը դիտել են - 2005 անգամ