Մանկավարժիս մտորումները Մամուլի օրվա առթիվ
2017-05-03 08:57:00
Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է. այն նշվում է ամբողջ աշխարհում մայիսի 3-ին: Օգտվելով օրվա խորհրդից` շնորհավորում եմ այս ոլորտի ազնիվ ու անկաշառ աշխատողներին, լրատվական դաշտի անխոնջ նվիրյալներին` ցանկանալով նրանց նորանոր ձեռքբերումներ ու ստեղծագործական հաջողություններ: 
Թե որքանով է ապահովվում մամուլի ազատությունն ու ժողովրդավարական բնույթը, որը յուրաքանչյուր հասարակության առանցքն է, դա տեսանելի է շատերիս, բայց ցանկանում եմ բարձրաձայնել դպրոցի ուսուցչուհու` ինձ վերապահված իրավունքներից, որ լրագրությունը շատ լուրջ մասնագիտություն է, նույնքան լուրջ մի ասպարեզ, որը նույնպես սիրում է հղկված, անաղարտ ու մաքուր խոսքը, ընդունում անբասիր, անկեղծ ու ճշմարիտ վերաբերմունք շրջապատի հանդեպ:
Արդեն երկրորդ տարին է, ինչ իմ ապրած միջավայրի, Մարտակերտի մեր դպրոցի մասին բազմաթիվ հրապարակումներով հանդես եմ գալիս Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքում:
Օրվա առիթով առանձնակի շնորհավորանքս կայքի խմբագրակազմին` հանձին գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի , նաև շնորհակալությունս հարգարժան խմբագրին, ում լրագրողական ազնիվ մղումով հայտնվել եմ այս լրատվական դաշտում:
Իմ հրապարակումներն ընդամենը մանկավարժիս համար ամենօրյա օրագրային գրառումներ են, որոնցով համալրվում է դպրոցի ուսուցչուհու մի աշխատանքային կենսագրություն: Երբեմն թյուրիմացաբար այն համարում են լրագրություն, մի երևույթ, սակայն, որի հետ հաշտ չեմ, նաև հակում չունեմ` հակառակ իմ այդ ոլորտում երևալուն: Բայց կա նաև ավելի մեծ արդարացնող պատճառաբանություն, որ երբևէ ուսուցչուհու իմ մասնագիտությանը «չեմ դավաճանի»` բացարձակապես հարգելով լրագրողի դժվարին ու խոցելի աշխատանքը:
Այս տարածքում իմ նյութերի տեսանելի դառնալուց հետո երբեմն հայտնվում եմ լրագրող- ուսուցչուհի կամ գրող-ուսուցչուհի զուգահեռականում: Իրավիճակը ծիծաղելի է թվում ինձ, այս եռմասնագիտության առանցքում ամենուր գրագետ, արտահայտիչ ու պատկերավոր խոսքի միասնություն կա, բայց նաև անթաքույց ճշմարտություն, որ ուսուցիչը, առավելապես` հայոց լեզվի և գրականության մասնագետը պետք է իմանա նաև լրագրություն, որի մասին նա ուսուցանում է դպրոցի ավագ դասարաններում, ծրագրերի համաձայն` որպես մամուլի խոսք ներկայացնելով հրապարակային ոճն ու տեղեկատվական ժանրերի տեսակները: Ուրեմն` յուրաքանչյուր ուսուցիչ նաև պետք է տիրապետի լրագրությանը` իր իսկ մասնագիտությունից ելնելով:
Մեծագույն ճշմարտություն կլինեմ արտահայտած, եթե բարձրաձայնեմ, որ ամեն մի թղթակից լրագրող չէ, այնպես, ինչպես ամեն մի ստեղծագործող անձ, ում իրավացիորեն չենք կարող համարել, որ նա գրող է: Ուսուցիչը գրող չէ, չնայած մեծ հավանականություն կա, որ նա կարող է նաև գրող լինել, քանի որ խոսքի վարպետներին ներկայացնելով` առանձնապես յուրաքանչյուր գրականության մասնագետ պետք է ստեղծագործելու շնորհ ունենա, բայց ստեղծագործել, թերևս չի նշանակում գրող լինել:
Խոսքերիս արդարացումը ես եմ` դպրոցի ուսուցչուհիս, ով տարիներ շարունակ տարբեր մամուլների թղթակցել է, բայց լրագրող չէ, նաև ստեղծագործել գիտի, բայց գրող չէ: Ուրեմն` ես ուսուցչուհի եմ, ով նրբին զգացողությամբ սիրում է իր աշակերտներին և սիրվում, դրա ապացույցը` նաև դպրոցական կյանքի իմ նյութերը, որ տեղադրվել են այս տարածքում` ի տես բոլորի: Ես ուսուցչուհի եմ, ով լրագրողի և գրողի նման ազնիվ հետաքրքրությամբ սիրում է գրել, բայց մնում է իր մանագիտությանը սիրահար` համոզված, որ մանկավարժությունն էլ ոչ բոլորին հասանելի մեծագույն արվեստ է:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4128 անգամ