Կկոտրե՞ն այն ճյուղը, որի վրա նստած են` դժվար թե...2017-05-31 14:58:00

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, որքան էլ կարող է ոմանց ականջին տարօրինակ հնչել, բավական երկար, սակայն խիստ անարդյունավետ պատմություն ունի:
Չկա, չի եղել մի շրջան, որ այդ ախտի դեմ պայքարի մասին ամենաբարձր ամբիոններից բարձրաձայնված չինի: Բայց ինչպես կյանքն է ցույց տվել, որքան շատ ու բարձրագոչ են լինում ելույթներն, այնքան երկրում է՛լ ավելի մեծ ծաղկում է ապրում կոռուպցիան:
Հիմա էլ պարզվում է`Կառավարությունը որոշում է ընդունել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ: Օրերս էր այս մասին հայտարարվել: Նախաձեռնությունն այս միգուցե ոմանց ինչ-որ տեղ կարող է խոստումնալից թվալ` պայմանավորված Հայաստանում ընթացող որոշակի գործընթացներով կամ, ավելի ճիշտ, դրական իմիտացիա ստեղծելով, սակայն կասկած լինել չի կարող, որ այս կառույցն իրականում «թոզ փչելու» համար է ստեղծվելու, որի նպատակը ոչ այնքան հանրության աչքերին թոզ փչելն է, քանի որ Հայաստանում երբեք էլ հասարակության հետ հաշվի չեն նստել, այլ` Արևմուտքի, ում հետ հարաբերություններ կառուցելիս նմանատիպ հարցերն ավելի քան կարևորվում են:
Իրականում, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարը նախևառաջ ու հատկապես Հայաստանին է անհրաժեշտ, քանի որ երկիրն իրականում կործանվում է նախևառաջ հենց կոռուպցիայի պատճառով, որը բուն պատճառն է հանդիսանում Հայաստանի պետական կառավարման համակարգի ձախողվածության:
Ունի՞, արդյոք, պետությունն իրական կամք` խնդիրը լուծելու: Անշո՛ւշտ, չունի ու ունենալ էլ չի կարող, քանի որ Հայաստանում կոռուպցիան իրականում համակարգաստեղծ երևույթ է, ու ցանկացած մեկն,ով կհամարձակվի իրապես «սուր ճոճել» կոռուպցիա կոչվող երևույթի դեմ, սուր ճոճած կլինի հենց պետական ողջ սիստեմի դեմ,ինչն ուղղակի անթույլատրելի է:
Հետևաբար` ինչպիսի կառույց էլ ստեղծեն ներկայում կամ ապագայում կամ ինչ անվանում էլ դրան տան, խնդրի էությունը դրանից չի փոխվում:
Կոռուպցիան եղել է, կա ու կլինի:
Այն անհաղթահարելի է, իսկ մնացյալ բաներն ընդամենը բեմադրություններ են:
Այս նյութը դիտել են - 5723 անգամ