Զինվորական նվագախումբը մանկական խաղահրապարակում2017-06-02 11:36:00

Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյուններն եմ լսում, բայց չեմ կարողանում կողմնորոշվել, թե ինչ առիթով են զինվորները մեր բնակելի տան հարակից փողոցով անցնում: Ինձ մտերիմ ձայնը հեռախոսով տեղեկացնում է, որ դուրս գամ մանկական խաղահրապարակ: Քայլերս ինձ տանում են այնտեղ. այս անգամ ես ինքս եմ հետաքրքրությամբ նայում շրջապատին: Մի պահ կորցնում եմ ինձ. տարբեր տարիքի երեխաների զվարթ ու կենսախինդ ձայներն են կարկաչում: Զարմանալի է նաև իմ այդ տարածքում հայտնվելը, բայց հայացքս փնտրում է նաև թոռնիկիս, ում վերջապես տեսնում եմ փոքրիկ զինվորականի տեսքով, խաղալիք զենքը ձեռքին, ով, ի տարբերություն մյուս երեխաների, շրջվում է, չի ուզում անգամ նկարվել:
Ամեն անգամ անցնում եմ այդ մանկական խաղահրապարակի կողքով, որտեղ անցնում են մեր երեխաների ազատ ժամերը: Իմ բնակության վայրից շատ մոտիկ է այն, նկատելի է, որ այնտեղ կեսօրին հատուկենտ երևացող երեխաների թիվը շատանում է երեկոյան, առավելապես կողքի հարակից շենքերի մայրիկներն են երևում իրենց փոքրահասակ երեխաների հետ: Եվ ուրախ ու զվարթ աղմուկ-աղաղակին սովորաբար միախառնվում են մայրիկների` իրենց երեխաներին սաստող ձայները:
Ծանոթ դեմքեր եմ տեսնում, ապա իմ աշակերտուհիներից են մոտենում ինձ: Նրանց առաջարկում եմ նկարել այս հրաշալի տեսարանը, ապա մոտենում եմ նվագախմբի զրինվորներին: Իմ ողջույնի խոսքը աշխույժ նոտաներ ունի, երբ նկատում եմ զինվորների` ինձ հառած ժպտադեմ հայացքներ: Անուններ չեմ հարցնում, բայց նվագախմբի ղեկավարից եմ իմանում, որ N զորամասի նվագախումբն է, եկել են` երեխաներին ուրախացնելու:

Հունիսի 1-ն էր` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Նրանց շուրջը երեխաներ են հավաքվել, նաև մեծահասակներ կան, իսկ հարակից շենքերի բնակիչներն իրենց պատշգամբներից են նայում: Բարի ու ժպտերես զինվորներն իրենց շուրջն են համախմբել սահմանամերձ Մարտակերտում բնակվող մի մանկական մաքուր աշխարհ: Հանկարծ այստեղից ու այնտեղից լսվում են երգեր, ոմանք ասմունքում են, նաև զինվորներին եմ նկատում` համարյա ծնկի իջած այն փոքրիկների առջև, խոսեցնում են նրանց, շնորհավորում տոնական օրը, որ այդքան շքեղություն էր ստացել նվագախմբի ձայներից: Երեխաների ձեռքերը շոշափում են երաժշտական գործիքները, նաև նկարում են նրանց, ծափն ու ծիծաղը միախառնվել են իրար:
Տարբեր երեխաների հարցնում եմ, թե երբ է այսպիսի աշխուժություն եղել վերջին անգամ: Գուցե հարցս է զարմանալի, որ տարուբերում են գլուխները կամ ձեռքի ժխտողական շարժումով հասկացնում, որ սա առաջին դեպքն է, երբ Երեխաների միջազգային օրն այսպիսի ուշադրության է արժանանում: Իսկ մեծերից ամենուր լսում եմ հիացական զգացողություն, որ զինվորները մի նոր տեսք ու բովանդակություն տվեցին այս տոնական օրվան:
Շնորհակալական խոսք եմ ուղղում նվագախմբի ղեկավարին ու բոլոր զինվորներին, հետդարձի ճամփաս շատ կարճ է, բայց մտորումներս` խոսուն: Հայացքս հառում եմ դեպ երկինք, բոլոր երեխաներին ցանկանում անհոգ մանկություն, իսկ զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն: Երբ ապահովված է բանակ և հասարակություն կապը, ինքնըստինքյան մեծ ցանկություն է ծնվում` շնորհակալություն հայտնելու նրան, ով կարողանում է նման գեղեցիկ նախաձեռնությամբ նոր որակ հաղորդել իր մարդասիրական գործունեությանը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 7427 անգամ