Լոնդոնում եռակի ահաբեկչություն է եղել. Նախնական տվյալներով՝ կան զոհեր 2017-06-03 21:16:00

Լոնդոնում հունիսի 3-ի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22:30-ի սահմաններում ահաբեկչական հարձակումներ են եղել երեք տարբեր վայրերում։
Ոստիկանության փոխանցմամբ, բացի Լոնդոնի կամրջից, հարձակումներ են գրանցվել նաեւ Բորոու շուկայի տարածքում եւ Վոքսհոլլ շրջանում։

Բոլոր երեք վայրերում էլ այս պահին զինված ոստիկանական պարեկներ տեղակայվել, իրականացվել է տարհանում։ Այս պահի դրությմաբ, բրիտանական ոստիկանությունը դեռ տուժածների հստակ թիվ չի նշել։ Նշվում է, որ անհայտ անձը Բորոու շուկայի տարածքում դանակով հարձակվել է այցելուների վրա։
Ականատեսների վկայությամբ, ձերբակալվել է Լոնդոնի կամրջի վրա բազմության վրա քշած սպիտակ միկրոավտոբուսի վարորդը։ Սքոթլանդ Յարդը հաստատել է, որ միջադեպի կապակցությամբ հետախուզում է երեք կասկածյալների։ Իրավապահների փոխանցմամբ, կան զոհեր, «առնվազն մեկից ավելի», սակայն հստակ թիվ առայժմ չի նշվում։
Լոնդոնի մետրոյի ոստիկանության Twitter-ում հայտնվել է գրություն՝ «փախեք, թաքնվեք, հաղորդակցվեք»։ Մետրոյի չորս կայարաններ փակվել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միկրոավտոբուսը կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Մեքենան սլացել է ժամում 80 կմ արագությամբ։ Վրաերթի հետեւանքով տուժել է հինգ մարդ։ Ականատեսների վկայությամբ, տասնյակից ավելի անձինք տուժել են դանակավորների հարձակումից։
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն։ Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղեկացվել է դեպքի մասին եւ գտնվում է մշտական կապի մեջ։
Այս նյութը դիտել են - 7244 անգամ