Սոցիալական և կենցաղային չնչին պայմաններում ապրող Թևոսյանների անապահով ընտանիքի նպաստը նրանց միակ որդու՝ 18-ամյա Հայկի չափահաս դառնալուն պես կտրել են:
Ընտանիքի մայրը՝ 56-ամյա Սուսաննա Դավթյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչպես և ամուսինը՝ 73-ամյա Վլադիմիր Թևոսյանը: Այժմ նրանց առաջ ծառացել է մեկ այլ լրջագույն խնդիր: Դա այն է, որ Հայկը պետք է բանակ գնա և այդ դեպքում ո՞վ է խնամելու նրա հաշմանդամ ծնողներին:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սուսաննան ասաց, որ եթե իրեն հաշմանդամության 2-րդ կարգ տան, այդ դեպքում որդուն բանակ չեն տանի, սակայն ուր գնում է, չնայած իր տեղաշարժվելու հետ կապված դժվարություններին՝ մերժում են: Նրա խոսքով՝ ամուսինը, ով նույնպես հաշմանդամության 3-րդ կարգ ունի, տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով: Ընտանիքն ապրում է կամ Հայկի վաստակած չնչին գումարներով կամ Վլադիմիրի ծերության 36.000 դրամ թոշակով: Տեր-Անտոնյան Գոհարը, ով նրանց հին և անդավաճան հարևաններից է, ասաց, որ ընտանիքն իսկապես օգնության կարիք ունի, որ Սուսաննային իսկապես հասնում է հաշմանադամության 2-րդ կարգ, բայց թե ինչու չեն տրամադրում, դա չի հասկանում: Ասաց նաև, որ ամուսինները բազմաթիվ անգամ անճարությունից փորձել են ինքնասպանություն գործել:
SHAMSHYAN.com կայքը դիմում է բոլոր կամեցող և սրտացավ մարդկանց, որ օգնության ձեռք մեկնեն այս կարիքավոր ընտանիքին: Եթե անգամ պատկան կառույցների ղեկավարները չեն ուզում տրամադրել այդ կարգը, որն իսկապես հասնում է տիկին Սուսաննային, գոնե ինչ-որ չափով օգնություն տրամադրեն նրանց:
Խնդրով անհանգստացած մարդիկ կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094-40-37-64:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Այս նյութը դիտել են - 5931 անգամ