ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՐԱՀՈՒՄ
2017-06-16 01:43:00

Էջմիածնի շնորհալի երիտասարդներին բացահայտելու եւ բարեկիրթ ու աշխարհին ասելիք ունեցող քաղաքացու այս տեսակի կայացմանը խթանելու նպատակով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում կայացավ Էջմիածինցի երիտասարդ բանաստեղծուհի Լիլիթ Բաղդասարյանի` «Կյանքի հետքերով» գրքի շնորհանդեսը:

19-ամյա Լիլիթի խոսքով՝ գրքում զետեղված բանաստեղծությունները հիմնականում իր հոգեվիճակի արտացոլումն են, պատմվածքները՝ երեւակայության:
Սա Լիլիթի թվով 2-րդ ժողովածուն է:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Լիլիթի մասին խոսեց մեծ ոգեւորությամբ, առանձնակի շեշտելով, որ, բանաստեղծուհին, չնայած իր երիտասարդ տարիքին, լուրջ ասելիք ունի եւ հասցրել է արդեն երկրորդ գիրքը տպագրել: 
Գրիքի շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընկերները, ուսուցիչները, հարազատ դպրոցի տնօրենը, գրական սրահի հավատարիմ հանդիսատեսը:

Շնորհանդեսի պատվավոր հյուր, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը առանձնակի հպարտությամբ շնորհավորեց Լիլիթին հերթական գրքի շնորհանդեսի առթիվ, մաղթելով ստեղծագործական բեղմնավոր եռանդ ու կորով:
Թեպետ Լիլիթը մասնագիտություն ընտրել է բժշկությունը եւ Բժշկական համալսարանի փայլուն ուսանողուհի է, սակայն դպրոցական նստարանից ակնհայտ է եղել նրա ստեղծագործ ու ճկուն միտքը: Այս մասին վկայեցին նրա ուսուցիչները՝ վերհիշելով Լիլիթի ակտիվ ներգրավվածությունը դպրոցում նախաձեռնած բազմաբնույթ միջոցառումներին: 
Շնորհանդեսին ընթերցվեցին բանաստեղծություններ «Կյանքի հետքերով» գրքից՝ հայրենասիրական ու սիրո թեմաներով՝ մարդկային զգացմունքների եւ ապրումների մասին:

ejmiatsin.am

Այս նյութը դիտել են - 7656 անգամ