Արձագանք՝ ահազանգին. Վահան Տեր-Ղևոնդյան2017-07-27 23:46:00
![](files/552cdbe/9342/e7d2f2335518b5022d.jpg)
Մատենադարանը մեր սրբություններից մեկն է, որի մասին երկյուղածությամբ պետք է խոսել կամ գրել: Աչքիս ընկավ մի նամակ, որ շրջանառվում է USArmenianews.com կայքէջում ոմն Վահագն Կոզմոյանի կողմից ուղղված Սփյուռքի մտավորականներին: Անմիջապես ուշադրությունս գրավեց Մատենադարանի մասին ակնարկը: Հաշվի առնելով նյութի խիստ պարզունակ բնույթը կարելի էր դրան չանդրադառնալ, բայց քանի որ այն ամբողջությամբ հեղեղված էր աղաղակող ստերով և կեղծիքներով, որոշեցի արձագանքել:
Նվազագույնը անհիմն ու անհեթեթության հասնող սուտ է հիշյալ տխրահռչակ նամակում տեղ գտած հետևյալ ակնարկը. «...հերթը հասել է Մատենադարանին, որի ոչնչացման համար հող է նախապատրաստվում՝ Մատենադարանը հանձնվում է ՀՀ տարածք հանձնող ՀՀ նախագահի եղբորը»:
Նախ և առաջ Մատենադարանը և նրանում պահվող ազգային արժեքները եղել և մնում են Հայոց պետության բացառիկ սեփականությունը և չեն կարող հանձնվել որևէ անձի ով էլ նա լինի:
Միաժամանակ չեմ կարող չնշել, որ թե՛ Նախագահ Սերժ Սարգսյանը և թե՛ նրա եղբայր Լևոն Սարգսյանը վիթխարի ներդրում են ունեցել Մատենադարանի ընդլայնման, զարգացման, պահպանման ժամանակակից համակարգերով ու կահույքով հագեցման, ձեռագրական ու արխիվային ֆոնդերի հարստացման գործում:
Անկախ Հայաստանի պատմության եզակի հաջող ձեռնարկումներից մեկը` Մատենադարանի նոր մասնաշենքի իրագործումը հնարավոր է դարձել ՀՀ Նախագահի հովանավորությամբ ու անմիջական ջանքերով, որին արձագանքել են Հայաստանի ու Սփյուռքի գործարարները: Իսկ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Լևոն Սարգսյանի գլխավորությամբ ոչ միայն ամեն կերպ աջակցել է Երևանյան Մատենադարանին, բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր ու թանկարժեք սարքավորումներ նվիրաբերելով, այլև այդ նույն հիմնադրամի շնորհիվ կառուցվել է Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Գանձասարի վանքին կից, որն արդեն երկու տարի է հաջողությամբ գործում է: Սրանք բացարձակ ճշմարտություններ են, որոնք ես, թեկուզ և ի պաշտոնե, պարտավոր եմ տեղեկացնել հասարակայնությանը, նման հերյուրանքների տարածումը թույլ չտալու համար:
Նամակագիրը կարող է քաղաքական կամ գաղափարական տարաձայնություններ ունենալ, դա իր իրավունքն է, բայց Սփյուռքի մտավորականությանը բաց նամակ ուղղելու համարձակության կողքին գեթ պարկեշտություն պետք է ունենալ Մատենադարանի ամենաջերմ պաշտպաններին իրենց կատարած իրական գործերով ներկայացնելու համար:
Վահան Տեր-Ղևոնդյան
Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար
Հիշեցում՝ կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել USArmenianews.com-ի խմբագրության տեսակետների հետ:
Այս նյութը դիտել են - 11607 անգամ