Մասնակից եմ իմ դասղեկական դասարանի՝ 2013-14 ուստարվա շրջանավարտ Անուշ Միրզոյանի նշանադրության արարողությանը: «Սպիտակ հարսանիք» հասկացությունն ինձ հետ՝ մտել էի հանդիսությունների սրահ, մտածելով, որ նման տոնական միջոցառումների վերջում հարսանիք է լինում, իսկ դրա հիմնական բաղադրիչը սպիտակ հարսանեկան զգեստն է, որը հատուկ էր խորհրդային ժամանակներին: Ու մինչ ես այդ տպավորությամբ փնտրում էի հայացքով փեսային ու հարսին, ում պատկերացնում էի ճերմակի մեջ, հանկարծ կողքիս տեսնում եմ նրանց՝ Արմանին ու Անուշին՝ մեկ այլ շքեղությամբ: Ճառագում էր նրանց դեմքերին երջանկություն ավետող յուրահատուկ ժպիտների բազմազանություն. պահը հավերժանում է, իմ շնորհավորական խոսքերը միախառնվում են այդ ժպիտներին:
Գիտենք, որ մարդու կյանքում ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկն է նշանադրությունը, որ նախորդում է հարսանքին, և այն հայերը մեծամասամբ սիրում են նշել յուրահատուկ ճոխությամբ և շուքով։ Յուրաքանչյուրի կյանքում դա եզակի տոն է, և ամեն մեկը սրտի տրոփյունով է սպասում այդ իրադարձությանը: Այն միշտ էլ վառ ու գույնզգույն տոն է՝ լի երգ ու պարով և պերճախոս կենացներով, որի ականատեսն ենք նշանադրության հրավիրվածներս:
Նաև նկատելի է, որ ժամանակակից զույգերը հիմա իրենք են նախընտրում՝ ինչպես նշել իրենց կյանքի ամենակարևոր օրը, խորհրդային տարիների հայկական ավանդական այդ տոնը կարծես իր տեղը զիջել է նոր տոնակատարության, որ ավելի ճոխ է ու շքեղ, չնայած ավանդական ծեսերի որոշակի տարրեր դեռ պահպանվում են:
Փոխվել են ժամանակները...Հարսանքի ժամանակ նորապսակների ուսերին առաջներում լավաշ էին գցում, մեղր հյուրասիրում, իսկ նոր օրերում դրանք սեղանին են դրվում, նաև նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք էին շաղ տալիս ու ափսե կոտրում: Միշտ էլ նման միջոցառումներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի, նրանց հարազատների, բոլոր հրավիրվածների երջանկության և բարեկեցության համար կենացները: Առաջներում նշանդրեքից հետո հարսանիք էր լինում, հարսանքից հետո կատարվող կարևորագույն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն էր: Հնում այդ ամենը կատարվում էր հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց, զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: Ինչքան էլ ուրախ լինի այդ արարողությունն իր բնույթով, միշտ էլ առաջին իսկ կենացներում խոնարհում կա ազգի նահատակների հիշատակին, թախծախառն ու խրոխտ երգեր՝ նվիրված Արցախյան պատերազմի և հետագա տարիների զոհերին: Հոտնկայս մեկ րոպե լռությունն ամենուր մեզ հետ է, նաև՝ երախտիքի արտահայտություն բոլոր նրանց հանդեպ, ում շնորհիվ վայելում ենք այս խաղաղ օրերը:Այս նյութը դիտել են - 9154 անգամ
Որքան էլ հին ավանդույթներն իրենց տեղը զիջած լինեն նորին, նշանադրություն լինի թե հարսանիք, այն նոր ընտանիքի կազմավորման առիթով կատարվող տոնախմբություն է, հայկական կենցաղի ամենաճոխ դրսևորումներից մեկը, որ միշտ համարվել է մարդու կյանքում տեղի ունեցող ամենաուշագրավ իրադարձությունը, և դարձել ծնողների անպարփակ ուրախության ու բացառիկ պատասխանատվության հրապարակային դրսևորման առիթ։
Շնորհավորանքներս ծիածանվում են, երբ գիտեմ՝ օրեր անց Արցախում շուտով նոր ընտանիք է ձևավորվելու, որ պիտի ավետի նոր կյանք և խաղաղ լուսաբացների նոր երջանկություն:
Նատաշա Պողոսյան