Արցախի ուսուցչուհիս Փարիզից հեռարձակվող ռադիոհաղորդաշարում
2017-08-10 14:24:00
 
Բազմիցս ֆեյսբուքյան տարածական աշխարհում առնչվել եմ ֆրանսաբնակ հայուհու՝ Նվարդ Մնացականյանի հետ, ով իր գործունեությամբ միշտ էլ հիացմունքի է արժանացել ու գնահատողական խոսքերի: Վերջերս որքան զարմանալի, նույնքան երախտագիտության էր արժանի նրա առաջարկը, որ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս ներկայացնի իր կենսագրությունն ու սահմանամերձ բնակավայրում ապրողի ներքին մտորումները, որ հայերենով կհեռարձակվի Փարիզից ռադիոյով: Հարմար գտա «USArmenianews.com»  լրատվականով հայտնելու մեծագույն շնորհակալությունս այս հաղորդաշարի հեղինակ ու վարող հայրենասեր հայուհուն, ով հեռուներում իր ազգանվեր գործունեությամբ ամեն անգամ մի նոր էջ է ավելացնում մեր կենսագրությանը:
http://radio-aypfm.com/?page=archives&id=11878
Բարև ձեզ, հարգելի՛ ռադիոլսող ունկնդիրներ, այսօր «Պոեզիայի պատառիկներ» հաղորդաշարով սիրով ձեզ ենք ներկայացնում Նատաշա Պողոսյանին:
Նատաշա Միքայելի Պողոսյանը ծնվել է 1958 թ. դեկտեմբերի 3-ին, Մարտակերտ քաղաքում: Ավարտել է շրջկենտրոնի համար 1 միջնակարգ դպրոցը, 1978թ. ընդունվել և 1982թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1982-1985թ.թ. աշխատել է Մարտակերտի շրջանային պիոներական տանը՝ որպես գեղմասվար: 1985-1986 ուստարում դասավանդել է շրջկենտրոնի գիշերօթիկ միջնակարգ դպրոցում՝ որպես դաստիարակչուհի: 1986-1992թ.թ. աշխատել է Մարտակերտի շրջանային լուսավորության աշխատողների տանը՝ որպես տնօրեն, համատեղության կարգով հայոց լեզու և գրականություն է դասավանդել հեռակա գիշերային միջնակարգ դպրոցում: 1992 թվականի Արցախյան պատերազմի տարիների բռնագաղթից հետո ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: 1996 թվականին հայրենի հողի կանչով վերադարձել է Արցախ և աշխատանքի անցել Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2011թ. պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով` մատուցած ծառայությունների և մանկավարժության մեջ ներդրած ավանդի համար: 2013թ. մասնակցել է «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին ու պարգևատրվել ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ «Լավագույն ավանդույթների պահպանումը և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում հաղթելու համար: 2013թ. ԼՂՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական օժանդակությամբ հրատարակվել է նրա գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը: 2014թ. նրան շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: 2014թ. ստացել է վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Այս օրերին հրատարակման ընթացքի մեջ են նրա մանկավարժական ուղղվածությամբ երկու գրքերը: Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ այժմ էլ շարունակվում է նրա մանկավարժական գործունեությունը: Ունի մեկ դուստր և մեկ թոռնիկ:
Աշխարհը լռում է
Իմ ժողովրդի, առավելապես սերնդի ճակատագրի համար մտահոգ եմ շատ, երբ ապրում եմ Արցախում, սահմանամերձ Մարտակերտ քաղաքում դասավանդում նոր սերնդին: Այստեղ մտորումներս անխոս են դառնում, երբեմն՝ անձայն, երբ կողքիս օրոցքի կարոտ հայոց երկրիս զավակներն են զոհվում, մեր արշալույսները ներկում արյամբ... Երեխաներ են որբանում..., երազանքներ են թևատվում այստեղ, մահվան դեմ մարդու անզորությունն է թևածում ու սահմանի մոտ ոգեղեն է դառնում անմահանալուն դիմադարձ լինելու անխուսափելիութունը... 
Բայց աշխարհը լռում է...
 Լռում է, երբ հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք միայն Աստծո պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակում ենք հավատալ գալիք լավ օրերի` մեր բոլորիս երազանքների իրականացմանը: Աշխարհը լռում է, երբ անմահների անցած ճանապարհի մասին հիշողություն կա այստեղ, երբ սգավոր մի մեղեդի ժողովրդիս անցյալի հուշերն ամեն օր թարմացնում է՝ հոգու մի խոր կսկիծով ներկայում իմաստավորելով հավերժացած կյանքեր: Լռում է աշխարհը, երբ մեր հայրենին դարձել է հավերժորեն բաց մի ընծայարան, ուր ամեն ոք անցնում է ընծայաբերման իր ճամփան և արժանանում երկնային անդաստաններին: Բայց մենք ամեն օր ավելի ամուր ենք կառչում այս հողին, երբ զգում ենք մեր հոգում օր օրի սաստկացող այս հողի քաղցրությունը, երբ տեսնում ենք այս հողին նվիրված կենդանի լեգենդներին ու նրանց անցած մարտական ուղին և գիտենք, որ հավերժական մի արև կա մեր կողքին, որ միշտ մեզ հետ է, և ուզում ենք այն ճառագի միշտ, պատերազմները հետ մղի անդարձ, ու խաղաղ կյանքով լույս մանուկների կարկաչուն ձայնը ամենուր հնչի: 
Հավերժական մի արև՝ արցախական աշխարհում
Ամեն անգամ անհասցե դարձած սրտիս զարկերն են հորդում լույս-երազներով...Երկրիս արևը՝ այն հավերժական, միշտ էլ ինձ հետ է, այն շատ ցավալի օրերին անգամ, պատեպատ զարկվում, մայրամուտի մեջ էր ապավեն փնտրում: Լուսե օրերի երազանքներում հոգուս մեջ էլ արևն է շողում, «արեգակն արդար» ու մի պահ ասես անձրևից հետո երկնքում հայտնված ծիածանի պես երփներանգվում է ու կամար կապում:
Սահմանից եկող կրակոցները մեզ հետ են միշտ, այն մահաբեր արկերի թնդուն ձայները... Ու երբ ուզում եմ վանել մեզանից, գրկում եմ հույսով երկրիս արևը, այն հավերժական արևն արցախական աշխարհի, որ լույս է ինքնին, մի նոր սիրո կյանք, մի նոր ջերմություն՝ հավերժին հառած իր իսկ գոյությամբ: Հրետակոծության օրերին անգամ հառաչանքներով, սրտի զարկերով արևի երգն եմ լսում շատ կամաց, հույզով շաղախված... Օդն էլ համեմված նրա տաք շնչով, աներեր, համառ իր գովքն է անում: Արցախական արևը... Անցած օրերում տագնապ կա, սարսափ, կորուստ դառնագին, հետքեր կան տխուր, ու ես մեղմորեն փրկության հույսով նայում եմ նրան, որ փարվում է ինձ լուսե շողերով: Հավերժող երկրիս արևն եմ սիրում, մեր արևածագը՝ այն ցողաթաթախ, նրբին ժպիտով, որ ծեքծեքում է մանրիկ ծիծաղով: Արևով բացվող բոլոր օրերս, որ կյանք են դառնում, հուշերի թևով բացվում են իմ դեմ, ու օրհնության պես լուսավառ սիրով ժպտում եմ նրան: Երբ լուսե ճերմակ ամպերը նորից ուզում են նրան քողարկել հանկարծ, հոգիս ջերմագին գգվում է նրան: Մշտանորոգուն այս կյանքում ես էլ հոգու խորությամբ փայում եմ նրան, լուսազարդ շողով փարվում է նա ինձ, արևոտ օրս դարձնում լույս երազ: Ուզում եմ այսպես լուսահորդ ու ջինջ երկրիս արևը շողշողա հավերժ, մենք էլ լիառատ մի կյանքով ապրենք, լուսե-լուսավոր խաղաղ մի կյանքով՝ ի վերուստ տրված:
Նատաշա Պողոսյան
http://radio-aypfm.com/?page=archives&id=11878 
 
Այս նյութը դիտել են - 10277 անգամ