Հանդիպում անցյալի հիշողությունների ու ներկայի խաչմերուկում2017-08-11 12:26:00
Հայաստանից եկած Արմավիրի հ. 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալվինա Անաստասյանի մոտ եմ՝ Ստեփանակերտի իր բնակարանում: Նոր հրատարակված իմ գիրքը՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին», սիրով նվիրեցի նրան: Ամբողջ օրը զրուցեցինք, բայց գիշերային մայրաքաղաքն ինչքա~ն գեղեցիկ էր. այն իր լուսե շքեղությամբ մի նոր հմայք էր փռել շուրջբոլորը: Մեքենաների սլացքը երբեմն խախտում էր շրջապատի լռությունը: Երրորդ հարկի բացօթյա պատշգամբում վայելում եմ այս խաղաղ, պարզկա օրը, բայց մտքերով անցյալի հետ եմ, դեռ մինչ արցախյան պատերազմական օրերը, երբ հարևանությամբ մենք ապրում էինք Մարտակերտում: Մեր դուստրերը նույն դասարանում էին սովորում, այն ժամանակ ոչ մեկս չգիտեինք, որ մեր կողքին մեծացող փոքրիկ Արտյոմը հոր՝ երաժշտագետ Վալտեր Հակոբյանի արվեստի արժանի ժառանգորդը կդառնա, ու Արտեմ Վալտերը կճանաչվի երգելու և նոր երգեր արարելու իր շնորհքով:
Արցախյան պատերազմը բոլորիս բաժանեց, հարևաններ, բարեկամներ, հարազատներ իրար կորցրինք ու նորից գտանք: Բայց գտանք մի նոր սիրով, նոր հույզերով, անցյալի հիշողություններով, որտեղ հարազատ դեմքեր կան, բայց այսօր մեզ հետ չեն, Արցախյան պատերազմ կա ու մի նոր կսկիծ, խրամատային ու նկուղային կյանք կա, սովի տարիներ, լույս սիրողներիս համար անլույս գիշերներ կան, հացի կարոտ...Ու անթիվ զոհեր և մեծ կորուստներ, Վալտեր Հակոբյանի հիշատակ կա ու այդ անցյալում կնոջ՝ Ալվինա Անաստասյանի հետ մանկավարժական կյանք, երբ երկուսն էլ համատեղ աշխատում էին դպրոցում՝ Մարտակերտի մեր կրթօջախում:
Ալվինայի հետ զրուցում եմ ու նրա խոսքը երանգավորվում է, երբ հարցնում եմ ամենամյա այս օրերին նրա Արցախ այցելելու մասին. «Ես նորից իմ բնաշխարհում եմ, ամառային հանգիստս վայելում եմ հարազատ մայրաքաղաքիս իմ բնակարանում: Բերկրալից հոգիս ցնծում է ուրախությամբ, հայրենի օդ ու ջրի կարոտ մարդու զգացողությամբ մի նոր հրաշալիք եմ ըմբոշխնում: Շրջապատս լցված է արցախցու հյուրընկալությամբ, մեծի ու փոքրի ջերմ հոգածությամբ, նրանց անկեղծ զրույցներով: Դրախտավայրիս խաղաղ անդորրության մեջ մի նոր երջանիկ կյանք եմ ապրում՝ վերհիշելով անցյալի հիշողություններս: Ամեն անգամ իմ մտորումներում նույն հարցն է ծագում, թե ինչն է ձգում ինձ այստեղ՝ անցյա՞լս, ներկա՞ս, թե՞...Պատահում է՝ ամբողջ ուժով ուզում եմ կանգնեցնել ժամանակը ու հավերժացնել այն պահը, որ այլևս չի կրկնվելու»:
![](files/552cdbe/9443/cc09951e618d534.jpg)
Այն դպրոցը, որտեղ դասավանդում է նա, ինձ էլ հարազատ է դարձել, կարծես գիտեմ ոմանց, ովքեր մանկավարժիս նյութերի ակտիվ ընթերցողներն են վաղուց: Շնորհակալական զգացումով ուզում եմ մի քանի խոսք գրել մանկավարժական կոլեկտիվի մասին ու հարցեր եմ ուղղում այդ դպրոցի ուսուցչուհուն, ով հիացմունքով է տալիս շատերի անունները, նաև՝ գոհունակություն հայտնում դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանից:
«Շատ համերաշխ կոլեկտիվում եմ աշխատում, ուրախության թե տխրության պահերին միշտ միասին ենք, իսկ դա գալիս է դպրոցի տնօրենից: Մովսես Սիլիկյանի անվան իննամյա դպրոցն է, որտեղ վեց տասնյակ մանկավարժներ կան, մոտ՝ 500 աշակերտ: Նախապատրաստվում ենք՝ շուտով նշելու դպրոցի հիմնադրման 50 տարին: Սիրում եմ իմ աշխատանքը, ինձ երբևէ չեմ պատկերացնում առանց դպրոցի, առանց իմ սիրելի գործընկերների և աշակերտների: Չնայած ամուր կապված եմ իմ անցյալին, բայց գիտեմ, որ Արցախն ու Արմավիրն իմ երկու լուսատուներն են, իմ անցյալն ու ներկան է շաղախված այդտեղ... Այն տանում է ինձ դեպի նոր գալիք»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 10173 անգամ