Արցախի այսօրն ու գալիքն է նա
2017-08-12 15:57:00

Լուսինե Ղարախանյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ: 
Կկարողանա՞մ նկարագրել մարդու, ում հետ շփվելու մեծագույն երջանկությանն եմ արժանացել ու ազնիվ մղումով միշտ էլ սիրով ունկնդրել նրան՝ որպես մարդու մի գեղեցիկ տեսակի, ումից սովորելու շատ բան ունեի ու նաև ունեմ առայսօր էլ: Գիտական աշխատող է նա, ով դասախոսում է նաև Արցախի պետական համալսարանում, վայելում շատ-շատերի համակրանքը: Ունկնդիրների հզոր բանակ ունի Արցախի հանրային հեռուստատեսությամբ իր վարած «Իրական արժեքներ» հաղորդմամբ, որտեղ այս կյանքի արժեքներն է լուսաբանում: Նաև մեկն է նա, ով զարմացնել գիտի՝ գիտելիքների իր իմացությամբ, մարդու հանդեպ ունեցած իր անշահախնդիր նվիրվածությամբ, ազնվագույն մի կերպար, որ այս տարիների ընթացքում միշտ էլ հիացրել է ինձ՝ իր համեստ պահվածքով, պարզ ու հասարակ իր մարդկային տեսակով...
Ո՞վ է նա, առաջին հերթին Մարդ, ում ազնվորեն սիրում եմ իր հոգու հարուստ ներաշխարհով, մտքի իմաստալից սլացքով, իր աշխատասիրությամբ...Նա մնում է ինձ համար տիկին Ղարախանյան, բայց ինձ երևում է նաև մայրական գորովագութ սիրով՝ որպես ընտանիքի հրաշալի մայր ու ազնվագույն կին: Նրան տեսնում եմ այս երկրին, նրա հող ու ջրին նվիրված հայրենասերի կերպարով՝ նժդեհյան գաղափարախոսությանն ունկնդիր: Նա իր մասնագիտության գիտակն է, ով կարողանում է մտնել մարդու հոգին ու դառնալ նրա հոգու բանալին՝ իր խորհուրդներով ու խելացի մտքերի իր իմաստությամբ:
Ես Լուսինե Ղարախանյանի հետ ծանոթացա դեռևս 2013-ին, երբ կասկածամտորեն ձեռքիս տակ ունեցած իմ գրագրություններով մտա նախարարություն ու ծանոթացա նրա հետ: Երկընտրանքս, թե արդյո՞ք այս նյութերը կհավանի նա, երբ ընթերցի դրանք, անմիջապես վերացան, երբ տեսա նրա դեմքին ճառագող այն բարի ժպիտը, որ ինձ տարավ դեպի իրեն, ու ես մտերմացա նրա հետ: Իմ առաջին մեթոդական ձեռնարկը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը», լույս տեսավ նրա խմբագրական ուղղորդող խորհուրդներով ու այն մեծ ներշնչանքով, որ փոխանցեց ինձ, ու ես շուտով դարձա գրքի հեղինակ, մի բան, որ ամենևին չէի հավատում:
Այս ամիսներին էլ, որպես խմբագիր, նա քրտնաջան աշխատել է նաև իմ հրատարակվելիք հաջորդ գրքերի վրա: «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին», «Մանկավարժի օրագիր», գրքերի հրատարակության գործի անցումային բոլոր փուլերում երջանկություն ունեցա նորից առնչվելու այդ գերազնիվ ու մաքուր անհատականության հետ, ով օր օրի ինձ հիացրեց իր անկեղծ նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով, հայ մտավորականին հարիր կեցվածքով, մանկավարժական բարձր մշակույթով...
Ակնածանքի խոսքերս ու խոնարհումս մեծ է, երախտագիտությունս՝ անչափելի ու սիրով լեցուն, Լուսինե Ղարախանյան Մարդու տեսակի հանդեպ, իսկ շնորհավորանքներս լավագույն օրհնանքների բազում իղձեր ունեն ինձ շատ սիրելի անձնավորության ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Թող բարեբեր լինի նրա անցնելիք ուղին, կյանքով լեցուն... Արցախի այսօրն ու գալիքն է նա, հենց այսպիսի կենսունակ կերպարներն են, որ մեր երկիրը կարողանում են տանել դեպի հավերժություն:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 11134 անգամ