Ե՞րբ կգա արենմկրտչյանների վերջը
2022-05-27 20:10:00
Անմեղ մարդկանց գլխին քրեական գործեր սարքելուն սովոր, մարմնի մի կեսով ՔՊ-ական պատգամավոր հանդես եկող, մյուսով՝ «մոնտաժնիկ» Արեն Մկրտչյանը, պատասխանելով վարչապետի՝ վերջերս կայացրած աղմկահարույց որոշմանն առնչվող հարցին՝ վերաբերող քրեածին տարր համարվող ու նախկինների հետ նույնացվող Արկադի Փելեշյանին, որը իշխանությունների թեթև ձեռամբ Վանաձորում կարիերային առաջընթաց գրանցելու հնարավորություն է ստացել վերջերս, հրաժարվել է գնահատականներ տալ նման որոշմանը՝ պատճառաբանելով, թե իր համար ավելի առաջնահերթ է «բնության մեջ կատարված աշխատանքը»:
Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանն այն ՔՊ-ականներից է, որն ուղղակիորեն ներգրավված է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարիներ առաջ սարքված «տուշոնկա շոուի» բեմադրմանը: Ցանկանում էին Արցախը նվիրաբերել ազերիներին, բայց Մանելը խանգարում էր, և ուրեմն՝ Մանվելին պետք էր հեռացնել դաշտից՝ հնարավորինս հեղինակազրկելով, ներկայացնելով նրան՝ քրեածին տարր ու այդ ֆոնին ինքնափիառվելով որպես հեղափոխական գաղափարների նվիրյալներ:
Այնինչ հիմա Մանվելի տակը փորածներն, ինչպես օրինակ Մկրտչյան Արենը, ոչ միայն հրաժարվում են մեկնաբանել հասարակության մեջ վատահամբավ մարդուն իրենցով անելու փաստն, այլև ողջունում են՝ դա համարելով քաղաքական նպատակահարմարությունից բխած քայլ:
Այստեղ, իհարկե, հարցը միայն Փելեշյանը չէ. Փելեշյանն ընդամենը մի դրվագ է ցինիզմի այնպիսի դրսևորման, որի արդյունքում հեղափոխության գաղափարներն ու բուն նպատակները արենմկրտչյանների ձեռամբ «գրվեցին սառույցին»: Խոստանում էին օլիգարխազերծ երկիր, ստացանք օլիգարխահպատակ կառավարություն, խոստանում էին թալանի վերադարձ, ականատես դարձանք աննախադեպ թալանի (օրենքով), խոստանում էին ամուր պետականություն, կորցրեցինք Արցախը և այլն:
Ըստ էության՝ այլևս ապացուցված է ու փաստարկված, որ «տուշոնկաների» գործը ջուր էր, արենների, վանեցյանների ու այլոց դավադրության հետևանք: Որևէ մեկը դավադրություն կազմակերպելու ու Արցախի հերոս գեներալի գլուխն ուտելու համար պատասխանատվություն կրե՞լ է: Նույն Մկրտչյան Արենն այսօր ոչ թե պետք է դաշտային աշխատանքներում ներգրավված լիներ, ինչպես ինքն է ներկայացնում, այլ՝ քրեակատարողական հիմնարկներից մեկի մշտական բնակիչ: Եվ, իհարկե, ոչ միայն նա. իշխանությունների շարքերում բազմաթիվ են այդ ճակատագրին արժանի մարդիկ,և թերևս հեռու չէ այն օրն, երբ կգա հատուցման ժամը:
Համբերությունը կյանք է:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 3725 անգամ