- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԻՄ ԽՈՍՔԸ ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆԻ «ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՎԻՊԱԿԻ ՄԱՍԻՆ
Համոզված կարող եմ ասել, որ գյուղական կայուն նախասիրությունների տեր է Ադյան արձակագիրը: Նորից առնչվում ենք կյանքի` իր նախընտրած բնագավառին. դա հայրենի Արցախն է, բնությամբ հագեցած գյուղական մի միջավայր` համակրելի հերոսներով ընդգրկված, և նրանք երևում են մեզ իրենց ազնիվ ու մաքուր հուզական աշխարհով: Բնությունը՝ գրողը դարձնում է մարդու գործունեության միջավայր:
Ինքնանպատակ չէ նրա կողմից բնապատկերների նկարագրությունը. «Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է: ….Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից կարմիր ու մանուշակագույն»:
Իր վարպետությամբ գրողն ընթերցողին մի պահ տանում է դեպի անցյալի մի հիշողություն:
Բնության զարթոնք է ամենուր, կենսատու կյանք ու այդ բնությանը ձուլված գեղեցկության մեջ մի նոր հրաշք` քաղաքից եկած աղջիկ, որ թվում է` տեսիլքի պես պիտի երևար ու անցներ անդարձ: Կարծես գույներն էլ իր հետ բերել էր, մի նոր դյութանքով շաղ տվել ամենուր, վեհորեն գեղեցկացրել այն կենարար ու թրթռուն իրականությունը, որտեղ պարզապես մարդիկ են ապրում` ազնիվ մաքրությամբ օծված: Գեղեցկության կողքին գունային խաղ կա, գեղանկարչի վրձին, որ այդ գեղեցկությունն իր վարպետ գրչով ծիածանի գույներին է համադրում:
Կարծես սրանք էլ գալիս են համալրելու մի նոր ասելիք, ու ստեղծվում է շարքը` գունային հրաշալի մի երիզ: Այդտեղ դեղձենիները ծաղկում են կարմիր ու մանուշակագույն, անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվում փոքրիկ գետակը, ջրափոսերի վրա ընկնող գույնզգույն թիթեռնիկներ կան, նույնիսկ ոսկեփայլ է կատուն` իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ: Քաղաքից գյուղ եկած աղջկա շրջազգեստն էլ կարծես բաց վարդագույն է, սև թիկնոցով բարակիրան մի աղջիկ է նա: «Նրա մազերն էլ ոսկեջրում լվացված են, աչքերը` բաց շագանակագույն են` ինչպես դեղնած հաճարկենիների ետևից երևացող լուսաբացի դարչնագույն երկինքը»: «Սպիտակադեմ է նա», և ունի «վարդակարմիր շուրթեր», «ոսկեզօծ թանձր մազեր ունի նա, ձյունից էլ ճերմակ ատամներ, նույնիսկ աչքերն էլ շոշշողում են ինչ-որ անհասկանալի փայլով»:
Գրողի միտքը ճյուղավորվում է, համալրվում մի նոր ասելիքով… Գույների շքեղ հրավառություն կա այնտեղ, ամեն ինչ գունավոր է, որ հիշեցնում է սահյանական զանգեզուրյան գունավոր աշխարհը, որտեղ ոչ միայն ծիածանը, այլև ջրվեժը, անտառը կարկուտն ու քարանձավը յուրահատուկ գույն ու բույր ունեն, և հիշում ես բանաստեղծի խոսքը. «Ես մեծ նշանակություն եմ տալիս գույնին ու հնչյունին: Որոշ բանաստեղծների մոտ գույներ չկան, կա միայն մի գույն ` ասֆալտի գույնը»:
Բանաստեղծի խոսքում ափսոսանք է արտահայտվում, բայց ահա ադյանական հայրենի բնաշխարհը իր գունային հրաշալիքներով արձակի մեջ կարծես հավելում է միտքը մեծ բանաստեղծի, որ առանց գույների աշխարհը տխուր է, ապրելն էլ` կեղծիք: Եվ գեղեցիկ է դառնում կյանքը, երբ շուրջդ ոսկեշղարշ արև կա, լուսափայլ ժպիտ, դեղին տերևներ կան ու դեղին արդուզարդի մեջ` դեղին շորեր: Կապույտ երկինք կա այնտեղ, գետակի ջրերին` երկնագույն փայլ կա և երկնակապույտ շրջազգեստ: Վարդակարմիր շուրթեր կան այնտեղ, վարդ շիկնանք կա, դեղձանիկների կարմիր ծաղիկներ:
Գրողի գրիչը չի հանդարտվում կարծես, գունային խաղ կա նորից, աշուն է արդեն. «Հնձախութը դեղին շորեր է հագել, Բարակ ջուր գետը ցոլկտում է բաց երկնագույն փայլով, մայրամուտի վերջին շողերը եղրևանագույն փայլ են ստանում, դարչնագույն երկինքն էլ գունատվում, երբեմն դառնում է կապտամթավուն»:
Չմոռանանք, որ գրողի տարերքը գունային աշխարհում լուսավոր է ու պայծառ, և այստեղ նա միայն նպատակ չի ունեցել ստեղծել գույների գեղանկարչական պատկեր, դրանք ունեն նաև իրենց իմաստային դերը` կապված տարվա եղանակների, օրվա պահերի, հարափոփոխ տրամադրությունների հետ: «Անտառների միջով է հոսում Թարթառը…Իսկ Թարթառից այն կողմ Մռավ սարն է…Սար ու ձոր, հանդ ու անտառ ծածկվել են իրիկնային փափուկ շղարշով, մերթընդմերթ բեկբեկուն կանչում են գիշերային հավքերը, իսկ այնտեղ` հեռվում, ինչպիսի հեքիաթային տեսարան, Մռավ սարի կատարները ողողված են դեռ ոսկեշղարշ արևով»: Եվ այս գեղեցկությունը հանկարծ նկատում է մի նոր հրաշալիք, բնաշխարհին հյուր եկած մի նոր գեղեցկություն հանկարծ կանչում է. Աստվա՛ծ իմ, ինչ գեղեցիկ աշխարհ է...:
Արցախյան բնաշխարհի գեղեցկությունը նկատող գրողի արվեստի մեծ հմայքը դեռ առջևում է, որ պիտի տեսանելի դառնա բոլորին, բայց հիշում եմ նաև մեկ այլ գրողի, որ իր գույներով իր պատկերած աշխարհում մարդու և բնության խոհափիլիսոփայական բանաստեղծական միասնության պատկերն է արտացոլել, որի մասին Իսահակյանը Սարյանի հետ ունեցած իր մի զրույցում շատ դիպուկ բնորոշել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:
Անկախ նրանից` գրողը չափածո է գրում, թե արձակ, տվյալ դեպքում գույնի գործածությունը կարևոր բաղադրիչ է դառնում նրա համար, միաժամանակ այստեղ գույնը կենսասեր գրող Ադյանի բարձր ճաշակը, գեղագիտական համակարգը, նրա ինքնատիպությունն ու մտածողությունն է ամբողջացնում: Եվ մտովի հիշում եմ խոսքը Մեծարենց վաղամեռիկ բանաստեղծի. «..բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը…»:
Մի պահ թվում է` գրողը նպատակ չուներ խոսեցնելու իր հերոսներին, երբ առանց խոսքի էլ գեղեցկությունը տեսանելի էր, և զարմանալի չէ, երբ հանկարծ գյուղի կանայք էլ նկատում են այդ աղջկա գեղեցկութունը. «Անաստվածը մի տես ինչքան գեղեցիկ է: Աչքերը գեղեցիկ, քիթը գեղեցիկ, բերանը գեղեցիկ, կազմվածքը գեղեցիկ… ասես բացված վարդ լինի, ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու էդպես նայես»: Այսքանին լրացնելու է գալիս բնության սքանչելիքին ձուլված` մարդկային գեղեցկությունն արտացոլող պատկերավորման միջոցներից մակդիրների գործածությունը, որ շունչ է տալիս բառին` վիրավոր դեղձենի, կապտամթավուն քնքուշ ձայն, ոսկեզօծ թանձր մազեր, մանր ծիծաղ, անուշաբույր մարմին, ծանր ամպեր, լուսափայլ ժպիտ, դեռափթիթ բուրմունք, վարակիչ ծիծաղ, թեթև շարժում, տերևների աղմուկ, քաղցրենի ժպիտ, ծիծաղի կտորներ, քամու թեթև պոռթկում…
Եվ դրանց պետք է լրացներ փոխաբերությունների շարքը, որտեղ երկինքը գունատվում է, դեղձենին` աղմկում, սիրտը երջանկությունից ուռչում է, ձյան փաթիլները քուն են մտնում, արեգակը ժպտում է, ամպերը չվում են, տերևները` դողում ու ձգվում են, գետը փրփրում է, ոռնում…
Որքան գրողը գույներ չի խնայել քաղաքից գյուղ եկած աղջկա` երիտասարդ ուսուցչուհու գեղեցկությունը նկարագրելու համար, նա նույնքան գեղեցիկ էլ նկարագրել է նրա մաքուր սերը, որ սահմաններ չի ճանաչում, անկեղծ է, թափանցիկ: Բայց այդ գեղեցկության նկատմամբ անպատասխան սիրուց իրեն կորցրած մարդու խոսք կա վիպակում, և թվում է` անմահական սիրո մի չքնաղ բանաձև է ընթերցվում. «Սերը ուրիշ բան է...Երբ սիրում ես, էնպիսի մի հարստություն ես հայտնաբերում ինքդ քո մեջ, էնպիսի մի քնքշություն, որ էն մրջյունն ինչ է, ուզում ես կանգնել ու էդ մրջյունի հետ անգամ զրույց անել և նույնիսկ ինքդ էլ զամանում ես քեզ վրա, որ կարող ես էդպես սիրել…Առանց սեր կյանքը…ոնց որ տարին առանց գարնան, առանց ծիլ ու ծաղկի…Մեղավոր չեմ, սիրում եմ գետնից մինչև երկինք, խենթի պես սիրում եմ»:
Մի բան պարզ է, գրողի կենսասիրությունը տանում է մարդուն մաքուր ու անաղարտ սիրո զգացողությանը, որը ծնվում է նաև կյանքի, աշխարհի ու նրա մյուս գեղեցկությունների նկատմամբ: Գեղագե՞տ է նա, որ կարողացավ արվեստագետի հայացքով բացահայտել մարդուն տրված ամենամեծ հրաշքի արվեստը: Ապրումների անկեղծություն կա ադյանական սիրո մեջ, և պատումը տարվում է ես-ով, այն դառնում է երբեմն սիրալիր ու հարազատ. «Մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա: Սիրուն է Արգինան: Նրբագեղ կազմվածք ունի, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով: Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ` նա ասես երկնքից է իջել: Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա»:
Թումանյանական գործի անմահության գաղափարը միշտ էլ ուղեկցել է մեզ` որպես ամենայն հայոց բանաստեղծից մեզ հասած պատգամ, որ այսուհետ էլ սերնդեսերունդ դեռ պիտի փոխանցվի: Եվ կյանքի երկար ճանապարհ անցած գլխավոր հերոսի հոր խոսքում հաստատվում է այն ճշմարտությունը, որ ծեր մարդիկ միշտ է իրավունք ունեն խորհուրդներ տալ երիտասարդներին. «Կարճատև է կյանքը, բայց մարդու գործը երկար է ապրում, ուրեմն երկար է ապրում նաև նրա անունը», «Ժողովրդի սրտում երկար ապրելու միակ հնարավորությունը իրենից հետո որևէ լավ գործ թողնելու մեջ է», «Կան աստղեր, որ վաղուց հանգած են արդեն, բայց նրանց լույսը շարունակում է հասնել մեզ, լուսավորել մեր ճանապարհը…»:
Գուցե մի նոր նախազգուշացու՞մ էր` ընթերցողին ուղղված, որ գրողը մեզ տանում է իր հերոսուհու ճակատագրին ընդառաջ: Հիվանդանոցը ճարճատում է բոցերի մեջ, այնտեղ երեխաներ կան, և հանկարծ ծխի ու մրի մեջ նշմարվում է աղջիկը... «Ահա և գյուղի հանգստարանը: Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը: Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին` Արգինա, դու ծաղիկ էիր սիրում...Դու ծաղիկ էիր անթառամ...Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է` բարև, սիրելի՛ս, ես քեզ չեմ մոռացել...»
: «Հեռու լեռներում» վիպակն ավարտվում է թախծախառն մի տխուր պատմությամբ, բայց այստեղ էլ երկու գույնի համադրություն կա, որտեղ վարպետ գրչով գույները կատարում են իրենց գեղանկարչական ու իմաստային դերը. «Խեղդելով հառաչանքը, ես շրջվում, նայում եմ գյուղի կողմը: Ներքևում` ձորում, փայլում, իր հին ձայնով երգում է Բարակ ջուր գետը, երևում է գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը: Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձանիկները կծաղկեն նորից կարմիր ու մանուշակագույն...»:
Ինքնատիպ ու անկրկնելի ոճի տեր է գրողը, որի արձակում միշտ էլ առկա է իրական պատմության քնարական տաք շունչը, որտեղ արցախյան հայրենի բանաշխարհի և Ադյան գրողի միասնությունն է ամրագրված այն հեռու-հեռավոր լեռներում, և միշտ էլ այնպես է թվում, թե հեռավոր մի ձայն հազիվ լսելի միշտ շշնջում է. «Ես այս գյուղից չեմ գնալու: Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ...»:
Որպես վերջաբան` կարող եմ ասել, որ Ադյանը, ինչպես այս, այնպես էլ մյուս ստեղծագործություններում, ներկայացնում է կենդանի ու թրթռուն իրականությունը, իրական մարդկանց, հենց դրանում է նրա արվեստի մեծ հմայքը: Պատկերավորման արտահայտչական միջոցների ճաշակավոր կիրառությունը մեծացնում է նրա երկերի ժողովրդական ոգին և դիպուկ ու կենդանի է դարձնում նրա խոսքը, դրա համար էլ հասանելի ու սիրելի է ընթերցողներին։
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից