Այսպիսով, «հաց բերողը» մահացել է այս հինգշաբթի, մարտի 16-ին Երևանի ժամանակով 15-ին:
Այս մարդը, վտանգելով իր կյանքը, 2016թ. հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ովքեր հարձակվել և հուլիսի 17-ից 31-ը գրավել էին Երևանի կենտրոնում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:
Արթուր Սարգսյանը որոշել էր մնալ խմբի անդամների հետ մինչև նրանց՝ հուլիսի 31-ի հանձնվելը: Հենց այդ օրը ձերբակալվելով՝ նրան ևս մեղադրանք առաջադրվեց զինված խմբին օժանդակելու համար: Սակայն իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միջնորդություն ներկայացնելուց հետո, նա ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին: Դատարանը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում:
Սակայն 2017թ. փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին ձերբակալեցին երկու ամսով քննչական բաժին ներկայանալուց խուսափելու պատճառաբանությամբ: Կալանավորման օրվանից սկսած՝ նա հայտարարեց հացադուլ մինչև իր ազատ արձակվելը՝ մարտի 6-ը: Խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների (բացառությամբ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության) համախմբման, ինչպես նաև պատգամավորների պատվիրակության կողմից գրավի վճարման արդյունքում է, որ նրան ազատ արձակեցին:
Այս մահը վիճարկելի գործադիր մարմնի կամայական գործողության ողբերգական հետևանքն է, մի իշխանության, որը շարունակում է ղեկավարել երկիրը՝ արհամարհելով իր քաղաքացիների կարծիքը, իրավունքներն ու ազատությունները, ժողովրդին օրեցօր դարձնելով ավելի աղքատ և անկարող արտահայտելու իր քաղաքական տեսակետները միջազգային հարթակում:
«Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները թեկուզ եւ հայաստանյան գործող օրենսդրությամբ ոչ համահունչ, սակայն դրանք հայ ժողովրդի, մասնավորապես 1990-ական թվականների Ղարաբաղի պատերազմի մասնակիցների հուսահատության պոռթկումն էր: Նրանք ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի բանակցությունների արդյունքում: Ժողովուրդը մեծ համակրանք տածեց այդ մարդկանց հանդեպ: Արթուրն էլ որոշեց իր համակրանքն արտահայտել խիզախության այդ քայլով: Մարդասիրական այդ քայլի հետևանքով Արթուրը ժողովրդի համար դարձավ խորհրդանիշ:
Հայաստանի Հանրապետության քաղաքական և դատական մարմիններն են նրա մահվան անմիջական պատասխանատուն: Ղարաբաղի պատերազմի մասնակցի առողջական ծանր վիճակը պետք է նրանց ստիպեր նախքան նրան կալանավորելը ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ: Բայց նրանք խախտեցին այս պահանջները:
Գլխավոր դատախազը և Արդարադատության նախարարը պետք է հրաժարական տան:
Վտանգի տակ է ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամների, այլև մոտ 30 քաղբանտարկյալների առողջությունը, որոնք անհիմն ենթարկվել են երկարաժամկետ կալանավորման:
Արդյո՞ք համակարգը կշարունակի բանտ գցել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն իրենց ձայնը բարձրացնել այդ կազմակերպված ինքնասպանությանը վերջ տալու համար:
Սփյուռքի ներկայացուցչական ինքնակոչ կազմակերպություններն էլ Արթուրի մահվան ոչ անմիջական պատասխանատուն են, և պատճառն իրենց լռությունն է: Միակ պայքարը, որ պետք է մղվի, հետևյալն է՝ պաշտպանել և պահպանել հայ ազգի ամենաարժեքավոր կարողությունը՝ իր ազգային օջախը և իր բնակիչներին: Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան հնարավոր են միայն այդ պայմանի իրագործման դեպքում:
Եթե ինքնահռչակված այդ մարմինները դա չեն հասկանում, ապա պետք է լքեն քաղաքական դաշտը:
Հարկ չենք համարում խոսել մեր եկեղեցական բարձր պաշտոնյաների բարոյական և մարդասիրական կողմերի բացակայության մասին: Արթուր Սարգսյանին մահվանից փրկելու համար չլսվեց ո´չ Էջմիածնի, ո´չ Անթիլիասի ձայնը:
Այս տխուր և խորը հուզական օրով մենք՝ սույն հաղորդագրության տակ ստորագրողներս, խնդրում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կոչ անում ժողովրդին, որ չվաճառեն իրենց ձայնը գալիք ընտրությունների ժամանակ:
Փարիզ, 17 մարտի 2017
Ստորագրողներ՝
Եվրոպայի հայերի համագումար
Հայաստանում քաղբանտարկյալների օգնության կոմիտե
Հայկական վերածնունդ, Ֆրանսիա
Հայկական վերածնունդ, Բելգիա
Շարժում
Հարյուրների խումբ
Համագործակցություն, Հայաստան
Հայասա
Ազատ ձայն
Հայ Ակադեմիականների Միություն -1860 (Գերմանիա)
Նոր Զարթօնք Եվրոպա (Թուրքիա)
Policy Forum Armenia (ԱՄՆ)
Հայ սոցիալական եւ մշակութային կենտրոն « Armenia » (Հունաստան)