Ոստիկանության ՊՊԾ գնդի հետնամասում գտնվող Բուռնազյան փողոցի բնակչուհի Գայանե Գալստյանը երբեք չի մոռանա 2016թ. հուլիսի 17-ը. այդ օրն ապրումների պատճառով հղիության 8-րդ ամսում գտնվող հարսը կորցրեց պտղին. «Առավոտյան ոստիկանները որ եկան, ասացին՝ արագ հավաքվեք, կարող ա ձեր վրա էլ կրակեն, վտանգավոր է այստեղ մնալը, հարսս վախեցել էր: Երեխան փորի մեջ մահացել էր, վիժեց 8 ամսական երեխուն: Այսօր արդեն ոչ մի սփոփիչ բան չեն կարող անել, որովհետեւ ինչ էլ որ անեն՝ մեր երեխուն չեն վերադարձնի...»:
Տիկին Գայանեի տան տանիքը ոստիկաններն այդ օրերին քանդել էին եւ դիպուկահարներ տեղակայել։ Միակ փոխհատուցումը, որ ստացել են քանդված տանիքի դիմաց, Երեւանի քաղաքապետարանի տված 20 հազար դրամն է. «Մինչեւ այսօր էլ չենք կարողացել տանիքը սարքել, որովհետեւ գումար չունենք: Այս տարի ենք փորձելու վերականգնել, որովհետեւ անձրեւ որ գալիս է, լցվում է տուն»:
Տներն անհապաղ լքելու ոստիկանների պահանջին Բուռնազյան եւ Սուվորով փողոցների բնակիչներից շատերը չէին հնազանդվել. որոշել էին մնալ իրենց տներում՝ ոմանք գնալու տեղ չունեին, մյուսներն էլ ուզում էին մնալ եւ պաշտպանել իրենց սեփականությունը: Տղամարդիկ կանանց ու երեխաներին տեղավորել էին հարազատների տներում, իրենք մնացել։ Աշոտ Հակոբյանը հարեւան տղամարդկանց հետ երկու շաբաթ առանց հոսանքի, գազի է ապրել. այդ օրերից մնացած հիշողությունը փողոց կայանված մարտական մեքենաներն են, զինված ոստիկաններն, վախը եւ անորոշությունը։
«Տրանսպորտ չկար, գնալ-գալ չկար, կապը կտրվել էր արտաքին աշխարհի հետ, նորմալ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում: Անգամ կենտրոն չէինք կարողանում իջնել, որովհետեւ շրջափակված էինք, նստեցինք տներում, մինչեւ հանգուցալուծումն եղավ»,-պատմում է նա:
Սարիթաղցիների համար մղձավանջն սկսվեց հուլիսի 19-ին․ մի քանի օր առանց էլեկտրականության, գազի ու ջրի գոյատեւող բնակիչների համբերությունը հատեց, տղամադրիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով անհապաղ լուծել այդ հարցը: Արդյունքում բախումներ եղան ոստիկանության եւ բնակիչների միջեւ, որի հետեւանքով մինչեւ այժմ 10 սարիթաղցի կալանավորված է եւ սպասում է դատավարության ավարտին:
«Տղերքին տարել, փակել են առանց հիմնավոր ապացույցների: Մենք ընդամենը տարրական պայմաններ էինք պահանջում, որովհետեւ հնարավոր չէր այդպես ապրել: 40 աստիճան շոգին չունեինք գազ, լույս, տրանսպորտ, ինտերնետից էլ զրկված էինք, չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում: Այսօր փակել են 10 տղամարդու, որոնք իրենց ընտանիքներին կերակրող ձեռքերն էին, կալանավորվել են ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա»,-ասում է կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան:
Սարիթաղցիներն այդ ժամանակ չէին պատկերացնում, որ իրական մղձավանջը դեռ առջեւում է։ Հուլիսի 29-ին ոստիկանները շրջափակման մեջ վերցրին «Սասնա ծռերին» աջակցող ցուցարարներին եւ սկսվեց ծեծուջարդը։ Սարիթաղցիների հիշողություններում մինչեւ հիմա մնացել են ոստիկանների հետապնդումներից իրենց բակերում թաքնված ցուցարարների արյունոտ վերքերն ու իրենց տներում նրանց փնտրող ոստիկանների սպառնալիքները։
«Այսօրվա նման հիշում եմ մեր հարեւանի վառվող տունը, ծեծված քաղաքացիներին, մեզ սպառնացող ոստիկաններին: Մենք չէինք վախենում՝ օգնել ենք՝ ում որ կարողացել ենք: Երեւի երբեք չենք էլ մոռանա»,- ասում է սարիթաղցի Սիլվա տատիկը։